Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Դավիթ Քալաշյանի դեմ՝ պահանջելով հերքում և 6 մլն դրամ զրպարտության փոխհատուցում
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը զրպարտության վերաբերյալ հայց է ներկայացրել Դավիթ Քալաշյանի դեմ՝ պահանջելով հրապարակել հերքում և վճարել 6 մլն դրամ, որպես զրպարտության համար փոխհատուցում։
Հայցում ասվում է. « Դատարանին խնդրում եմ՝ 5.1. Զրպարտության մասով, Դավիթ Մամիկոնի Քալաշյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել Դավիթ Քալաշյանին պատկանող «facebook.com» սոցիալական կայքի էջում (https://www.facebook.com/david.kalashian) արտահայտած և զրպարտություն համարվող փաստացի տվյալները` պարտավորեցնելով պատասխանող Դավիթ Մամիկոնի Քալաշյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում «facebook.com» սոցիալական կայքի՝ Դավիթ Մամիկոնի Քալաշյանին պատկանող նույն էջում «Հերքում՝ Սամվել Կարապետյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկություններին վերաբերյալ» վերնագրով հանրամատչելի և բոլորին տեսանելի տեսաուղերձ հրապարակել, պահպանելով այն առնվազն 1 ամիս, դրանում նշելով հետևյալը.
«Ես՝ Դավիթ Քալաշյանս, 13.08.2025 թվականից մինչև 04.09.2025 թվականը «facebook.com» սոցիալական կայքի էջումս տեղադրել եմ մի շարք տեսանյութեր և հրապարակումներ, որտեղ հրապարակային տեղեկություններ եմ ներկայացրել գործարար Սամվել Կարապետյանի գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ՝ տարածելով և ներկայացնելով սուտ տեղեկություններ Սամվել Կարապետյանի կողմից ֆինանսական պարտավորությունների չկատարման և այլ հանգամանքների մասին։ Զերծ կմնամ նախկին հրապարակումներում տեղ գտած զրպարտչական արտահայտություններն այս հերքմամբ կրկնելուց, միայն կնշեմ, որ ես ընդունում եմ, որ դրանք անհիմն էին և չպետք է հրապարակվեին։ Հրապարակային հայտնում եմ, որ այդ տեղեկությունները եղել են զրպարտչական, սուտ և անհիմն, որի համար ներողություն եմ խնդրում»:
5.2. «facebook.com» սոցիալական կայքում տեսաուղերձով հերքմամբ հանդես գալու անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել Դավիթ Մամիկոնի Քալաշյանին վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ առնվազն 1000 (հազար) տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով հերքման նույն տեքստը, որը պահանջվում է նշել տեսաուղերձով:
5.3. Դավիթ Մամիկոնի Քալաշյանից հօգուտ Սամվել Սարգսի Կարապետյանի բռնագանձել 6.000.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։5.4. Դավիթ Մամիկոնի Քալաշյանից հօգուտ Սամվել Սարգսի Կարապետյանի բռնագանձել դատական ծախսի գումարը՝ կազմված պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից»։