28 օր հացադուլի մեջ գտնվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակի մասին ընտանիքը տեղեկություն չունի
Հասարակություն
20:42 09/09/2025
Հայաստան

28 օր հացադուլի մեջ գտնվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակի մասին ընտանիքը տեղեկություն չունի

Ադրբեջանական բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը արդեն 28 օր է՝ հացադուլի մեջ է։ Հարազատները նրա առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն չունեն։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Էուլջեքջյանի փաստաբան, արգենտինաբնակ միջազգային իրավաբան Լուչիանա Մինասյանը ասել է, որ մտադիր են բժշկական օգնություն ցուցաբերելու խնդրանքով դիմել անմիջապես Ադրբեջանի իշխանություններին։

«Բանն այն է, որ Վիգենի հետ նույն խցում գտնվող նրա ընկերը նույնպես բժշկական օգնության կարիք ունի։ Նրա առողջական վիճակը ևս ծայրահեղ ծանր է, բայց ընտանիքը հրաժարվում է դրա մասին խոսել։ Թերևս վախենում են Բաքվում գտնվող իրենց սիրելիների նկատմամբ վրեժխնդրությունից»,– ասել է Մինասյանը։

Հարցին՝ Հայաստանի կառավարությունից որևէ ակնկալիք ունե՞ն, իրավաբանը նշեց, որ առիթ է ունեցել միայն շփվելու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքին տրամադրվելիք աջակցության շրջանակներում։

«2020 թվականին Հայաստանը որոշեց օգնել ռազմագերիների ընտանիքներին։ Բայց ժամանակի ընթացքում աստիճանաբար այդ աջակցությունը բարդացավ։ Դժվարությունները խորացան հատկապես այն ժամանակ, երբ Արցախի 120 հազար բնակչի հարկադիր տեղահանումը տեղի ունեցավ, ինչի արդյունքում կառավարությունը սկսեց նաև նրանց կարիքները հոգալ։ Ռազմագերիների և տեղահանվածների ընտանիքների աջակցությունը սկսեց բեռ դառնալ կառավարության համար, և այդ աջակցությունը կամաց-կամաց նվազեց։

Մինչդեռ մենք հետևում էինք որոշ ընտանիքների վիճակին և տեսնում էինք այն ծանրությունը, որն առաջանում է, երբ տան ֆինանսապես ապահովողը, կերակրողը ընտանիքի հետ չէ։ Ես շարունակ այս հարցով դիմում էի Մարդու իրավունքների պաշտպանին և նախարարությանը՝ աջակցություն տրամադրելու հնարավորության խնդրով։

Վիգենի ընտանիքը տևական ժամանակ է ծանր դրության մեջ է։ Վիգենի կինը՝ Լինդան, չէր կարողանում ապահովել մոր ուռուցքաբանական բուժման ծախսերը։ Այս պահին մենք դեռ հունիս և հուլիս ամիսների վճարումները չենք ստացել։ Սակայն ընտանիքը ազատության մեջ է, նրանց օգնել հնարավոր եղավ Հայ որբերի օգնության միության աջակցությամբ։ Իսկ Վիգենի առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն այս պահին հասանելի չէ։ Բացի այդ՝ որևէ բժշկական օգնություն գերիների համար հասանելի չէ»,– պատմել է Մինասյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
28 օր հացադուլի մեջ գտնվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակի մասին ընտանիքը տեղեկություն չունի