«Շտապիր սիրել» ներկայացմամբ իր դռները կբացի Հրազդանի նորաստեղծ կամերային թատրոնը
Մշակույթ
10:38 09/09/2025
Հայաստան

«Շտապիր սիրել» ներկայացմամբ իր դռները կբացի Հրազդանի նորաստեղծ կամերային թատրոնը

Սեպտեմբերի 10-ին, ըստ Հերման Ռաուչերի «Քաղցրիկ նոյեմբեր» գործի բեմադրված «Շտապիր սիրել» ներկայացմամբ, իր դռները կբացի Հրազդանի նորաստեղծ կամերային թատրոնը։ Թատրոնից Panorama.am-ին հայտնեցին, որ ներկայացման բեմադրիչ է Արմեն Մարգարյանը։ 

Արմեն Մարգարյանը նշեց, որ Ռաուչերի ստեղծագործությանը վաղուց է ծանոթ, և այն իրեն գերել էր անմիջականությամբ, երկխոսությունների բազմաշերտ կառուցվածքով, ազատամտությամբ, խորությամբ, անսահման երևակայելու հնարավորությամբ։ Ներկայացման մեջ ներգրավված են Էլեն Գևորգյանը, Հայկ Պետրոսյանը և Անդրանիկ Անտոնյանը։ Արմեն Մարգարյանի ներկայացմամբ, «Շտապիր սիրել» ներկայացումը բացարձակ սիրո մասին է, որը չունի սահմաններ և կոտրում է ցանկացած կարծրատիպ։

Հրազդանի կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և ներկայացման պրոդյուսեր Շահեն Փանոսյանը նշեց, որ դեռ ինստիտուտում սովորելու տարիներից է մտածել՝ Հրազդանում պետք է կամերային թատրոն լինի:

Թատրոնը Կոստան Զարյանի անվան դպրոցի տարածքում է։

«Դպրոցը մի մարդու անունով է, որը արվեստի միջոցներից ամենաառաջինը թատրոնն էր համարում: Այդ դպրոցը թատերական ուղղվածություն ուներ, Նարինե Գրիգորյանն է այդտեղ ավարտել, Տիգրան Գյուլումյանը, մեր թատրոնի ղեկավարն է այդ դպրոցն ավարտել, ես եմ այստեղ սովորել, կինս… Բնական է, որ այդ դպրոցում պետք է լինիեր կամերային թատրոն, հասունացել էր ժամանակը: Այժմ առաջին ներկայացումն է լինելու, և թատրոնի ծնունդը հենց այդ ներկայացմամբ ենք սկսում»,- ասաց Շահեն Փանոսյանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Շտապիր սիրել» ներկայացմամբ իր դռները կբացի Հրազդանի նորաստեղծ կամերային թատրոնը