Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ծափահարության կարիք չկա. Հրայր Սարկավագի խափանման միջոցներից մեկը վերացվեց
18 արդարների գործով ընթացող դատական նիստում մեղադրող կողմը միջնորդեց Հրայր սարկավագ Հակոբյանի նկատմամբ պահպանել որպես խափանման միջոց ընտրված վարչական հսկողությունն ու ձերբակալելու արգելքը։
«Գտնում եմ, որ առկա են Հրայր Հակոբյանի կողմից Քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները չկատարելու, ինչպես նաև նոր հանցանք կատարելու հիմքերը՝ պայմանավորված վարույթի առանձնահատկություններով։ Երկու հիմքերն էլ կրում են կանխատեսկան բնույթ»,-ասաց մեղադրողը։
Միջնորդության բովանդակությունը անակնկալ էր սարկավագի պաշտպանի համար, ասաց՝ եզակի դեպք է, երբ հանրային մեղադրողի հետ համաձայն է։
Հրայր սարկավագն էլ նշեց, որ այլ ելույթ էր պատրաստել, քանի որ ուրիշ միջնորդություն էր սպասում, հիշեցրեց, որևէ անգամ չի խախտել խափանման միջոցների պայմանները։
«Չէի սպասում, որ նման բան կլինի»,-ասաց նա։
Գործով որպես պաշտպան ներգրավված Արամ Վարդևանյանը հայտնեց, որ հանրային մեղադրողը պետք է առաջնորդվի ոչ թե կանխատեսական բնույթի փաստարկներով, այլ իրական կյանքի փաստերով։
«Ես գտնում եմ, որ վարչական հսկողություն էլ չպետք է կիրառվի, ընդհանրապես խափանման միջոց չպետք է կիրառվի։ Հարց գործընկերներին, տեսե՞լ են ոչ պատշաճ վարքագծի ռիսկ։ Պատասխանեմ իրենց փոխարեն՝ չեն տեսել։ Հարգելի դատարան, եթե վարչական հսկողությունը Հրայր սարկավագի նկատմամբ վերացնեք, ես կհրաժարվեմ իմ ներկայացրած բացարկի միջնորդությունից»,-ասաց Վարդևանյանը։
Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն էլ նկատեց, որ դատարանի որոշում կա, որը բացառել է նոր հանցանք կատարելու ռիսկը, սակայն հանրային մեղադրողը պնդում է, որ կա նման հիմք։
«Սա անհարգալից վերաբերմունք է դատական ակտի նկատմամբ»,-ասաց Լ. Սիմոնյանը։
Դատավոր Կ. Ֆարխոյանը որոշեց՝ Հրայր սարկավագը ձևավորել է պատշաճ վարքագիծ, ճիշտ ժամին ներկայացել է նիստերին։ Նրա խոսքով, առկա չէ նոր հանցանք գործելու հավանականության վերաբերյալ տվյալներ առկա չեն, սակայն հնարավոր է ոչ պատճաշ վարքի դրսևորում։
«Միայն բացակայելու արգելքը ի զորու է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Սա դատարանի կողմից կայացրած որոշումն է։ Ծափահարության կարիք չկա։ Վարչական հսկողությունը դատարանը վերացնում է»,-ասաց Ֆարխոյանը։