Մենք չենք կարող ասել, որ ծրագիրը հասել է իր նպատակներին. Արսեն Թորոսյանը՝ անհուսալի վարկերի ծրագրի մասին
Հասարակություն
13:11 11/09/2025
Հայաստան

Մենք չենք կարող ասել, որ ծրագիրը հասել է իր նպատակներին. Արսեն Թորոսյանը՝ անհուսալի վարկերի ծրագրի մասին

«Սեպտեմբերի 9-ի դրությամբ ծրագրի շահառու է դարձել 5715 անձ, որոնցից 789-ի վարկերն արդեն ամբողջությամբ մարվել են»,-կառավարության նիստում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը՝ զեկուցելով Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման արդյունքները։

 Նրա խոսքով շահառուներից 1532-ը կամ 27 %-ը միջոցառմանը նախորդող ամիսներին չեն ունեցել ֆորմալ զբաղվածություն, այսինքն՝ նոր են աշխատանք ձեռք բերել:

«Հատկանշական է, որ 1 շահառուի միջին ամսական աշխատավարձը կազմել է շուրջ 201 հազար դրամ, այնինչ միջոցառման մեկնարկից առաջ ֆորմալ զբաղված պոտենցիալ շահառուների միջին ամսական աշխատավարձը շուրջ 145 հազար դրամ էր»,-հայտարարեց Թորոսյանը և ենթադրեց, որ  այն կարող է ենթադրել ստվերից դուրս գալու մասին, կամ մարդիկ, որոնք ունեին աշխատավարձ, նրանց աշխատավարձը բարձրացել է:

Նա նշեց, որ վարկը մարած 789 շահառուների վարկերի մարման համար արդեն հատկացվել է 156 մլն դրամ:

Ըստ Թորոսյանի՝ 540 շահառու դուրս է մնացել ծրագրից, քանի որ չի բավարարել ընթացիկ պահանջները մինիմալ աշխատավարձի մասով, իսկ այս պահին ծրագրից օգտվում են 4381 շահառու:

Նշելով, որ արդեն մոտ 1 մլրդ դրամ է հատկացնում ծրագրին՝ Թոչոսյանն ասաց. «Հատկանշական է այն, որ նախորդող 6 ամիսներին ծախսվել է 500 մլն դրամ, և այս 3 ամիսներին՝ կրկին 525 մլն դրամ, այսինքն՝ նաև աճի տեմպ ենք տեսնում...

Ինչ խոսք, հաշվի առնելով, որ շահառուների թիվը 218 հազար անձ էր, մենք չենք կարող ասել, որ ծրագիրը հասել է իր նպատակներին՝ ունենալով այսպիսի փոքր թվեր»։

Նա առաջարկեց ծրագիրն ակտիվացնել հանրային իրազեկման միջոցով։

 Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը արձագանքեց՝ ասելով, որ հանրային պասիվությունը հասկանալու համար հնարավոր է՝ ավելի խորքային վերլուծության կարիք լինի, քանի որ բանկերին այս ծրագիրը շահավետ է:

Նրա խոսքով՝ այսօր 218 հազար քաղաքացի կա, որոնց մասով հայտնի չէ՝ նրանք Հայաստանո՞ւմ են, թե՞ չէ:  

Արսեն Թորոսյանն էլ հիշեցրեց՝ ծրագրի մեկնարկին պոտենցիալ շահառու էր 43,600 քաղաքացի, որոնք ունեն ֆորմալ զբաղվածություն, այսինքն՝ մարդիկ, որ աշխատում են և կարող են դառնալ ծրագրի շահառու, և եթե դիմեն ծրագրին, ապա նրանց եկամտահարկը կարող է փակել անհուսալի վարկը, բայց նրանք չեն դիմում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մենք չենք կարող ասել, որ ծրագիրը հասել է իր նպատակներին. Արսեն Թորոսյանը՝ անհուսալի վարկերի ծրագրի մասին