Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նախորդ տարի ԿԿՀ-ն իրականացվել է պետական պաշտոնների հավակնող 336 անձանց բարեվարքության ուսումնասիրություն
2024 թվականի ընթացքում բարեվարքության համակարգի տարրերի (անհամատեղելիության պահանջներ, շահերի բախում, վարքագծի կանոններ, նվերների ընդունման սահմանափակումներ, այլ սահմանափակումներ) առնչությամբ դիմումների և մեդիա հրապարակումների հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իրականացվել է ընդհանուր թվով 120 ուսումնասիրություն, որից՝ 49-ը մեդիա հրապարակումների, 48-ը՝ դիմումների հիման վրա, ևս 3-ը՝ Հանձնաժողովում իրականացվող այլ գործընթացների շրջանակներում արձանագրված խախտումների հիման վրա: Նախորդ տարվա համեմատ` ուսումնասիրությունների ընդհանուր թիվն աճել է ավելի քան երկու անգամ՝ 54-ից հասնելով 120-ի: Ազգային ժողովում թվային տվյալները ներկայացրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը՝ ներկայացնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը։
Նախորդ տարիների համեմատությամբ` էապես աճել է շահերի բախման դեպքերի վերաբերյալ Հանձնաժողով հասցեագրվող դիմումների, ինչպես նաև վերաբերելի մեդիա հրապարակումների թիվը: 2024 թվականին իրականացված՝ վերը նշված 120 ուսումնասիրություններից 51-ը վերաբերել են շահերի բախման իրավիճակներին, անհամատեղելիության պահանջների վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունների թիվը կազմել է 40, վարքագծի կանոնների վերաբերյալ ուսումնասիրությունները եղել են 19- ը, նվերների ընդունման սահմանափակումների և այլ սահմանափակումների վերաբերյալ՝ 10-ը: Հաշվետու տարում շահերի բախմանն առնչվող դեպքերը գերակայել են նաև մեդիա դաշտում։ Ուսումնասիրված հրապարակումներից 31-ը վերաբերել են շահերի բախման իրավիճակներին, 14-ը՝ անհամատեղելիության պահանջներին, 10-ը՝ վարքագծի կանոններին: Երեք դեպքում ուսումնասիրության առարկան վերաբերել է նվերների ընդունման սահմանափակումներին, իսկ մեկ դեպքում՝ այլ սահմանափակումներին:
Ինչ վերաբերում է այլ գերատեսչություններից ստացված գրություններին և քաղաքացիներից ստացված դիմումներին՝ 23 դեպքում դրանք վերաբերել են անհամատեղելիության պահանջներին, 20-ը՝ շահերի բախման իրավիճակներին, 9-ը՝ վարքագծի կանոններին, 4-ը՝ այլ սահմանափակումներին: Երկու դեպքում ուսումնասիրության առարկան վերաբերել է նվերների ընդունման սահմանափակումներին:
Հաշվետու տարում Հանձնաժողովն իրականացրել է վարքագծի կանոնների խախտմանը վերաբերելի 19 ուսումնասիրություն, որից 10-ը՝ մեդիա հրապարակման, 9-ը՝ դիմումի հիման վրա, որոնցից մեկը վերաբերել է ոչ թե որոշակի պաշտոնատար անձի նկատմամբ վարույթի հարուցմանը, այլ պարունակել է հարցում՝ դիմումով նկարագրված իրավիճակի վերաբերյալ։ Վարքագծի կանոնագրքի ուժի մեջ մտնելուց հետո արդեն իսկ նկատելի է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների վերաբերյալ Հանձնաժողով հասցեագրվող դիմումների թվի աճ։ Այսպես, 2022 թվականին վարքագծի կանոնների վերաբերյալ ստացվել է 3 դիմում, 2023 թվականին նման դիմումներ չեն ստացվել, իսկ արդեն 2024 թվականին դրանց թիվը կազմել է 9:
Ուսումնասիրությունների արդյունքներով հաշվետու ժամանակաշրջանում հարուցվել է վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ 5 վարույթ։ Մեկ դեպքում Հանձնաժողովը որոշում է կայացրել նախաձեռնել վարույթ, որը, սակայն, հարուցվել է 2025 թվականին։ 11 դեպքում Հանձնաժողովը եզրահանգել է, որ բացակայում են վարույթի հարուցման հիմքերը, որոնցից 4 դեպքում՝ պայմանավորված առերևույթ խախտման բացակայությամբ, 4 դեպքում՝ ելնելով այն հանգամանքից, որ դիմումը վերաբերել է Վարքագծի կանոնագրքի սուբյեկտ չհանդիսացող պաշտոնատար անձի և 3 դեպքում՝ նկատի ունենալով, որ դիմումը ներկայացվել է մինչև Վարքագծի կանոնագրքի՝ ուժի մեջ մտնելը։
2024 թվականին Հանձնաժողովն իրականացրել է շահերի բախման վերաբերյալ 51 ուսումնասիրություն, որից 31-ի դեպքում ուսումնասիրության հիմք են հանդիսացել մեդիա հրապարակումները, 20-ի դեպքում՝ այլ գերատեսչություններից ստացված գրությունները կամ քաղաքացիների դիմումները: Հատկանշական է, որ շահերի բախման դեպքերի վերաբերյալ ուսումնասիրությունների թիվը էապես աճել է նախորդ տարիների համեմատ: Որպես օրինակ, 2023 թվականին տարեկան կտրվածքով իրականացվել է 6 ուսումնասիրություն՝ մեդիա հրապարակումների և դիմումների հիման վրա: Նույն ցուցանիշն է գրանցվել նաև 2022 թվականին: Այսպիսով, 2024 թվականին նախորդ տարիների համեմատությամբ շահերի առերևույթ բախման դեպքերի և համապատասխանաբար՝ դրանց ուսումնասիրությունների թիվն աճել է 8․5 անգամ։
Հանձնաժողովը 2024 թվականի ընթացքում պետական պաշտոններում նշանակվել հավակնող անձանց (թեկնածուների) բարեվարքության ուսումնասիրության լիազորության շրջանակներում իրականացրել է թվով 336 անձանց բարեվարքության ուսումնասիրություն, ինչի արդյունքում համապատասխան մարմիններ են ներկայացվել նույնքան խորհրդատվական բնույթի եզրակացություններ: Ներկայացված թվով 336 եզրակացություններից՝ 252-ը եղել են դրական, 36-ը՝ բացասական, 41-ը՝ դրական վերապահումով (մինչև ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի ուժի մեջ է մտնելը (2024 թվականի մայիսի 17) այն դեպքերում, երբ անձի վերաբերյալ տվյալները բավարար չեն եղել բացասական եզրակացություն տրամադրելու համար, բայց նաև ռիսկային են եղել դրական եզրակացության տրամադրման տեսանկյունից՝ Հանձնաժողովը շարունակել է տրամադրել դրական՝ վերապահումով եզրակացություն): Թվով 7 անձի բարեվարքության վերաբերյալ վերջնական գնահատական հնարավորություն չի եղել տրամադրել՝ Հանձնաժողովի անդամների ձայների հարաբերակցության հանգամանքով պայմանավորված։ Հանձնաժողովը 2024 թվականին իրականացված բարեվարքության ուսումնասիրության արդյունքներով գույքային դրության առնչությամբ ձևավորված հիմնավոր կասկածի հիման վրա Գլխավոր դատախազություն է ներկայացրել թվով 1 հաղորդում՝ գույքի ավելացման և կատարված ծախսերի՝ օրինական եկամուտներով հիմնավորվելու, ինչպես նաև Թեկնածուի կողմից կատարված գործարքների օրինականության առնչությամբ։
Հաղորդումն ամբողջությամբ՝ այստեղ։