Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վրաստանում ձերբակալվել 2.4 կգ պայթուցիկ տեղափոխող Ուկրաինայի երկու քաղաքացի
Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտարարել է Ուկրաինայի երկու քաղաքացիների ձերբակալման և 2.4 կգ «հեքսոգեն» պայթուցիկ նյութի առգրավման մասին։
Գործակալության տվյալներով՝ սեպտեմբերի 10-ին Ուկրաինայից Ռումինիայով և Բուլղարիայով ուղևորվող ուկրաինական համարանիշներով Mercedes-Benz բեռնատարը Թուրքիայից հատել է Վրաստանի սահմանը և երկիր մտել Սարփիի անցակետով։
«Կանգառի և ստուգման արդյունքում մեքենայի թաքստոցներում հայտնաբերվել է նախկինում թաքցված 2.4 կգ «հեքսոգեն» պայթուցիկ նյութ։ Մենք կցանկանայինք հանրությանը բացատրել, որ խոսքը տրոտիլից ավելի հզոր նյութի մասին է»,-«Գրուզիյա օնլայնի»-ի փոխանցմամբ, այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՊԱԾ պետի տեղակալ Լաշա Մագրաձեն։
Գերատեսչությունը նշում է, որ դեռևս հայտնի չէ՝ Վրաստանը վերջնական նպատակակետն էր, թե՞ օգտագործվել է որպես տարանցիկ տարածք։
«Հետաքննությունը կշարունակվի՝ պարզելու համար առգրավված պայթուցիկների վերջնական նպատակակետը՝ արդյոք երկրի տարածքում ահաբեկչական հարձակում էր նախապատրաստվում, Վրաստանն օգտագործվել է որպես տարանցիկ միջանցք, թե՞ այլ նպատակ կար։ Համապատասխանաբար, կպարզաբանվի ձերբակալվածների գործողությունների իրավական որակումը, և անհրաժեշտության դեպքում հանրությունը կստանա լրացուցիչ տեղեկատվություն»,-ասվում է հայտարարության մեջ։
Հատուկ անվտանգության ծառայության տվյալներով՝ պայթուցիկը Ուկրաինայի քաղաքացի Մ.Ս.-ին, որը մեքենայի վարորդն էր, Ուկրաինայի տարածքում փոխանցել է անհայտ անձը, որը թաքցրել է այն քողարկված տակառներում և բացատրել, որ Վրաստանի սահմանը հատելուց հետո բեռը պետք է վերցնի մեկ այլ անձ։ Ավելի ուշ ձերբակալվել է մեկ այլ Ուկրաինայի քաղաքացի՝ Դ.Ժ.-ն, որը հանդիպել է վարորդի հետ և ստացել է թաքստոցներում թաքցված պայթուցիկը։
Խուզարկությունների ընթացքում առգրավվել են ութ բջջային հեռախոս, համակարգիչ, էլեկտրոնային կրիչներ, զգալի գումար, տարբեր օտարերկրյա օպերատորների SIM քարտեր, ինչպես նաև «կոկաին» թմրամիջոց։
Հետաքննությունը տարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով, որը նախատեսում է պայթուցիկ նյութերի անօրինական ձեռքբերում, պահպանում և տեղափոխում: Բացի այդ, ձերբակալվածներին մեղադրանք կառաջադրվի 260-րդ հոդվածով, որը վերաբերում է խուզարկությունների ընթացքում առգրավված թմրանյութերին։
Օգոստոսին Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտարարեց, որ կանխել է «ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից Ղրիմի կամրջի վրա հզոր ռումբ պայթեցնելու ևս մեկ փորձ»: Գործակալության տվյալներով՝ պայթուցիկ նյութերը տեղադրվել են «Շևրոլե Վոլտ» մակնիշի ավտոմեքենայում, որը Ուկրաինայից Ռուսաստան է ժամանել Վրաստանի տարածքով՝ Վերին Լարսի անցակետով։
«Գուցե ինչ-որ բան իսկապես անցել է Վրաստանով, կամ գուցե ոչ՝ ոչ ոք չգիտի, սա դեռ պետք է պարզվի»,-ասաց «Վրացական երազանքի» առաջնորդներից մեկը՝ Մամուկա Մդինարաձեն, որը ներկայումս ղեկավարում է Պետական անվտանգության ծառայությունը։