Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Փամբակի ավագանին հանաձայնություն տվեց «Զով-գուժ» ՍՊԸ-ին Քարաբերդում երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն
Այսօր ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանին ձայների 12 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ համաձայնություն տվեց «Զով-գուժ» ՍՊԸ-ին Քարաբերդի տարածքում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն։ «Քաղաքացու ձայն» ՀԿ-ի փոխանցմամբ՝ Փամբակ համայնքի ղեկավարը հայտնեց, որ բնակիչները խնդրանքով դիմել են ավագանուն իրենց բնակավայրում հանք շահագործելուն թույլտվություն տալու հարցով։ Նիստին ներկա իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը խիստ կասկած արտահայտեց այդ գրության վերաբերյալ, նշելով, որ բնակիչները մինչ այս պահը միշտ դեմ են արտահայտվել իրենց համայնքում հանքի շահագործմանը։
Նշենք, որ օգոստոսի 13-ի Քարաբերդում «Զով-Գուժ» ՍՊԸ-ի նախաձեռնած լսումներն անցան թեժ և լարված մթնոլորտում։ Նիստի ներկա բնակիչների գերակշիռ մեծ մասը դեմ արտահայտվեց հանքի շահագործմանը։ Այդ աղմկահարույց լսումներից 1 շաբաթ անց՝ օգոստոսի 19-ին Փամբակի համայնքային իշխանությունները արտահերթ նիստ հրավիրեցին՝ քննարկելու Քարաբերդի ոսկու հանքավայրի արևմտյան և արևելյան տեղամասերում օգտակար հանածոների արդյունահանման «Զով-Գուժ» ՍՊԸ-ի՝ երկրաբանական ուսումնասիրության նախնական հայտը: Փամբակի ավագանին նշված հարցին քվեարկեց 6 կողմ, 3 դեմ և 3 ձեռնպահ։
Օրեր անց, սակայն, «Քաղաքացու Ձայն»-ը պարզեց, որ բոլոր 12 նախագծերի որոշումների արձանագրությունները Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված են, բացի Քարաբերդի ոսկու հանքի նախնական հայտին վերաբերյալ որոշման արձանագրությունը։ Փամբակի համայնքապետ Սուրեն Կոստանդյանը «Քաղաքացու Ձայն»-ի հետ զրուցում ասաց, արձանագրությունը չի տեղադրվել, որովհետև նախագիծը որոշման կարգավիճակ չունի․ «6 կողմ, 3 դեմ, 3 ձեռնպահը որոշում չի դառնում։ Պիտի մեծամասնությունը կամ կողմ կամ դեմ քվեարկեր։ Ավագանին այդ հարցով որոշում չի կայացրել»։