Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Ինչպես կարող է «մահվան նախարար» Արսեն Թորոսյանի ընկերը ընկալվել իբրև ընդդիմադիր
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Արմենիա 2026» շարժումը հիմնած Նարեկ Մանուկյանը, որ «մահվան նախարար»-ի համարում ունեցող Արսեն Թորոսյանի ընկերն է և պաշտոնյա եղած ժամանակ կոտրել էր բժիշկներից մեկի քիթը, հիմա ընդդիմադիր է դիրքավորվել և փորձում է հաջորդ տարի կայանալիք ընտրություններին մասնակցել:
Հիշեցնենք, որ խոսքը 2019 թվականին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի այն ժամանակվա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանի մասին է, որը հոկտեմբերի 4-ին, ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, իր աշխատասենյակում հարվածել և կոտրել էր ենթակա բժշկի՝ Վ.Հ.-ի քիթը։
Պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալների համաձայն՝ դեպքի առթիվ սկսվել էր նախաքննություն։ Սակայն ֆիզիկական բռնության հեղինակը մնաց անպատիժ:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Քննչական կոմիտեից պաշտոնապես տեղեկացավ, որ մեկ տարի անց Արսեն Թորոսյանի ընկերոջ նկատմամբ հարուցված քրգործը կարճվել է՝ տուժող Վ. Հ.-ի հետ հաշտության հիմքով: Այլ կերպ ասած՝ քիթ կոտրելու հետևանքները «լուծվել են» առանց դատարանի, առանց հանրային դատապարտման, և ըստ ամենայնի՝ առանց արդարադատության։ Այս գործը ոչ միայն հարված է տուժող բժշկի քթին, այլև այն հույսին, թե մեր երկրում օրենքը գործելու է հավասարապես բոլորի նկատմամբ։
Եթե Նարեկ Մանուկյանը, լինելով հիվանդանոցի տնօրեն, նաև Արսեն Թորոսյանի ընկերը, կարող է բռնություն գործադրել ենթակայի նկատմամբ, ապա հաշտությամբ խուսափել պատասխանատվությունից, ինչպիսի՞ վստահություն կարող է ունենալ հասարակ քաղաքացին, երբ պահանջում է արդարություն։
Հիմա «քիթ կոտրողը» դիրքավորվել է որպես ընդդիմադիր, դաժանորեն քննադատում է Նիկոլ Փաշինյանին և անգամ որոշել է լրատվական կայք բացել, որպեսզի իր քաղաքական գովազդով զբաղվի: Սակայն դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է «մահվան նախարար» Արսեն Թորոսյանի ընկերը ընկալվել իբրև ընդդիմադիր: Նա Հովիկ Աղազարյանի սանդղակով մոտ 4 անգամ ավելի շատ «Նիկոլ» է, քան ինքը` Նիկոլ Փաշինյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։