«Երկօրյա պատերազմն առ այսօր պարունակում է մի շարք հարցականներ». լրանում է ջերմուկյան ռազմական գործողությունների երրորդ տարելիցը
Քաղաքական
12:03 13/09/2025
Հայաստան

«Երկօրյա պատերազմն առ այսօր պարունակում է մի շարք հարցականներ». լրանում է ջերմուկյան ռազմական գործողությունների երրորդ տարելիցը

Այսօր լրանում է ջերմուկյան ռազմական գործողությունների երրորդ տարելիցը: 

«Այս ուղղությամբ հակառակորդն իր  հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ»,- ասել էր  ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ տեղեկացնելով, որ Ջերմուկ քաղաքից  մինչև սահման մինչ ռազմական գործողությունների սկսվելը հակառակորդի հեռավորությունը եղել է 11-12 կիլոմետր։

 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել ՀՀ  ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

Ըստ պաշտոնական տվյալների, ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Այդ գործողությունները, կամ երկօրյա փաստացի պատերազմը, որ ընթանում էր Ջերմուկի  ուղղությամբ, առ այսօր պարունակում է մի շարք հարցականներ։

Մասնավորապես, ըստ նրա, հայտարարելով, որ տեղի է ունեցել հարձակում Հայաստանի հանրապետության վրա, Հայաստանի կառավարությունն ինչո՞ւ չգործեց ըստ Սահմանադրության պահանջի և չհայտարարեց ռազմական դրություն: ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ Հայաստանի հանրապետության հանդեպ ագրեսիայի, կամ նույնիսկ ագրեսիայի սպառնալիքի դեպքում հայտարարվում է ռազմական դրություն: Եթե պաշտոնական Երևանը հայտարարում էր, որ դա ագրեսիայի Հայաստանի հանդեպ, ինչո՞ւ չի հայտարարվել ռազմական դրություն:

«Մյուս էական հարցը թերեւս այն է, թե Հայաստանի կառավարությունը ինչու է ջերմուկյան ուղղությամբ Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայի խնդիրը «տեղափոխել» սահմանազատման ու սահմանագծման դաշտ: Հայաստանի քաղաքական ղեկավարությունը հայտարարել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքներ:

Եթե այդպես է, ապա ինչպե՞ս կարող է այդ հարցի «լուծում»  դիտվել սահմանազատումն ու սահմանագծումը: Այստեղ հարկ է ընդգծել, որ սա ամենեւին չի նշանակում, թե լուծումը պետք է լինի հակառակորդին ուժով դուրս մղելը: Սա շեշտում եմ, քանի որ գիտեմ մանիպուլլացիաների տարածված բանաձեւերը, որ կիրառում են իշխանական եւ մերձիշխանական բացահայտ ու լատնետ պրոպագանդիստները:

Հասկանալի է, որ Հայաստանն այսօր բացարձակապես չունի իր տարածքներն ուժով ազատագրելու հնարավորություն: Բայց, տվյալ պարագայում, երբ հարցը տեղափոխվում է սահմանազատման ու սահմանագծման դաշտ, այն դադարում է լինել Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայի հարց: 

Հարցի լուծումն այդ դաշտ տեղափոխելով, Հայաստանի հանրապետությունը փաստացի ճանաչում է, որ առնվազն կա վիճելիություն, որը կկարգավորվի սահմանազատման եւ սահմանագծման միջոցով: 

Առնվազն երեք տարի Հայաստանի իշխանությունը, իշխանամերձ տարբեր մանր ու մեծ քաղաքական խմբեր, պրոպագանդիստական խմբավորումներ, օգտագործել են Ջերմուկի թեման, որպեսզիի ներքին քարոզչական դաշտում խաղարկեն հակառուսականության եւ հակահապկ թեմաները՝ դրանց վրա հավաքելով միավորներ:

Մինչդեռ,  այդ ընթացքում, Հայաստանի պետական քաղաքականությունը իր բուն իմաստով ու շեշտադրումներով միայն ու միայն արդարացրել է այն մոտեցումները, որոնք իրենց վարքագծի համար ալիբի են ներկայացրել Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը:

Այդպիսով, սեպտեմբերյան ծանր դեպքերից, ավելի քան 200 զոհերից հետո տեղի է ունեցել ընդամենը մի բան՝ տեղեկատվա-քարոզչական նենգափոխումների եռամյա մի շրջան, որտեղ Հայաստանի հանրապետության ինքնիշխան տարածքի օկուպացիա խորագրի ներքո, կառավարող քաղաքական ուժն ու հարակից քաղաքական եւ քարոզչական խմբերը զբաղվել են պրոպագանդիստական մանիպուլյացիաներով»,- գրել է Հ.Բադալյանը։


 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Երկօրյա պատերազմն առ այսօր պարունակում է մի շարք հարցականներ». լրանում է ջերմուկյան ռազմական գործողությունների երրորդ տարելիցը