Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վատիկանում կայանալիք հանդիպումը բախտորոշ նշանակություն է ունենալու Հայաստանի ներսում եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունների համատեքստում. Հակոբ Բադալյան
«Սա իհարկե շատ էական տեղեկություն է. Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 15-ին մեկնել է Վատիկան, որտեղ հանդիպում կունենա Հռոմի Պապ Լեւոն 14-րդի հետ: Ես թերեւս չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ այս հանդիպումը բախտորոշ նշանակություն է ունենալու Հայաստանի ներսում եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունների համատեքստում»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
«Խոսքը պետք չէ ընկալել պարզունակ տրամաբանության մեջ, այն իմաստով, թե՝ Հռոմի Պապը կամ կսատարի Ամենայն հայոց Կաթողիկոսին եւ այդպիսով Հայաստանի իշխանությունը չի համարձակվի գնալ այդ սատարումն ունեցող ՀԱԵ ղեկավարության դեմ՝ հաշվի առնելով Վատիկանի համաշխարհային ազդեցությունը, կամ՝ չի սատարի եւ առավել կբարդանա Գարեգին Երկրորդի դրությունը:
Ես բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ ՀԱԵ շուրջ ստեղծված իրավիճակը Կաթողիկոսի հարց չէ եւ լոկ Հայաստանի ներքաղաքական հարց չէ: Այն միջազգային օրակարգի հարց է, որում Նիկոլ Փաշինյանը փորձում է ընդամենը քաղել իր դիվիդենտները՝ գործելով այդ օրակարգին համահունչ:
Միջազգային օրակարգում ՀԱԵ-ն ու Վատիկանը բնականաբար համաչափ սուբյեկտներ չեն, բայց ՀԱԵ-ն ունի բավականաչափ պատմա-քաղաքակրթական հենք, միջազգային օրակարգում իր նշանակալի տեղն ունենալու, հետեւաբար Վատիկանի լայն օրակարգի համատեքստում իր սուբյեկտային տեսանելիությունը ունենալու համար: Հետեւաբար, դա բերում է նրան, որ Սուրբ Աթոռը եւ ՀԱԵ-ն ունեն քննարկելու լայն հարցեր, լինելով համաշխարհային դավանա-քաղաքական եւ աշխարհաքաղաքական տարբեր համատեքստերում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Հռոմի Սուրբ Քահանայապետը Վատիկանում անկասկած քննարկելու են այդ հարցերը»։