Մի հնարեք, գրողը տանի, ԱԲ եք դարձել
Քաղաքական
09:54 15/09/2025

Մի հնարեք, գրողը տանի, ԱԲ եք դարձել

Կարդացի իբր ուսուցչուհու մի հոգեցունց շարադրության սկիզբը, որ իբր 7 տարեկան երեկան ասում է իրեն՝ դու անօգուտ ես, տիկտոկը չգիտես ինչ է։ Ու ինքը դադարում է ուսուցիչ լինելուց,   հավաքում է ուսուցչական իրերը, լավ ժամանակների նկարները պատերից, երբ երևի, ըստ հոգեցույց բառերի, աշակերտների գլխներին մի-մի սրբի օղակ էր, իսկ ուսուցիչների գլխներին՝ միանգամից՝ երկու... և այլն։

Նախ երեխան չէր ասի «անօգուտ», կամ եթե ասեր էլ։ Այդ ի՞նչ ես հավաքվում՝ վաայ-վայ, վույ-վույ, իմ խեղճ կկու։ Արի ու մի ասա՝ 7 տարեկանն էլ կասի, 8-ն էլ, ավելի մեծն էլ ու տարբեր բաներ։ Ուզում եք ասել առաջ աշակերտները գալիս, արձանների պես նստում, ինքնամոռաց հիացած լսում էին ուսուցիչներին, սրանք էլ գիտական հրեշտակների թևերը բացած, բոլորը մանկավարժական գուրուներ, ինչ-որ երազած իդեալական դասեր էին անու՞մ։

Կամ այդ ինչ մի ուսուցիչ եք, որ այդքանի էլ չեք դիմանում ու դիմադրում;

Հերիք է, մի հնարեք։
Հերիք է իբր սրտաճմլիկ շարադրություններ գրեք, ենթադրելով, որ դրանցով ինչ-որ մանկավարժական կամ մարդկային արժեքների հորձանք եք տալիս;

Մի գրեք այդպես, որովհետև անկեղծ չեք; Կարծում եք մարդկանց գիտե՞ք, բռնել եք ջիղը, լարել ու նվագու՞մ եք վրան;

Տեղ մի բացեք դատարկության համար՝ հերիք է;
ԱԲ եք դարձել  շարադրություններ հնարելու ձեր մոլուցքով;

Դուք հո Փաշինյան Նիկոլը չե՞ք։  Որ գնում է ներկայացման, հետո վեր է կենում ու քննադատում արվեստի գործը․․․ չեմ նայել, եկեք համենայն դեպս գրեմ՝ ստեղծագործությունը, թե՝ սխալ եք գործում։  Ցանկապատը ցանկապատ չպիտի լինի, այլ Կիրանցի պատ, հայրենասիրությունը սխալ եք բացատրում, դա սովետի ժամանակների ու, ԿԳ ՍՄ Ժաննա Անդրեասյանի ասած՝ կլիշեներից է, որ Հայրենիքի մասին պատկերացումն էլ է գալիս սովետի ժամանակներից ու սխալ է, որովհետև իրական Հայրենիք չեք սիրում, պիտի դա դադարեցնել, եղածը միայն սիրել։

Չէ, բայց պատկերացնու՞մ եք՝ իբր խորհրդային տարիներին ստիպել են հայերիս Արարատ երազել, Մեծ Հայաստան ունենալ մտքերում սրտերում։ Երևի Լենինն ու Ստալինը, անձամբ, այդ կլիշեներով են դաստիարակել մեզ։

Բայց այդպես է պահանջում իրական Գաղափարախոսությունը։

Մե երկնքից ընկած, մե աստղերից ծնված, մե անմարդկային անձեռնակերտ, անմտքածին, մե անքննելի գաղափար, որի մասին աջ ու ձախ ու ամեն տեղ խոսում է փաշինյանյան իշխանությունը, թե բա՝ եղիցի Գաղափարախոսություն։

Ուրիշ երկրի իշխանություն լինեին, մեզնից հեռու, բացեինք լրահոսը, կարդայինք, խնդայինք։  

Բա այն շարադրության ուսուցիչը, որ անգուտ բառից կամազուրկ ու քոռփոշման իրերը հավաքեց, գնաց․ Իրական լիներ, գետինն էր մտել Փաշինյանի դասից։


Անահիտ Ոսկանյան

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մի հնարեք, գրողը տանի, ԱԲ եք դարձել