Հյուսիս-Հարավ ճանապարհի երևանյան անավարտ հատվածի պատճառ դարձած հողի սեփականատերը պահանջում է 700 մլն դրամ փոխհատուցում
Իրավունք
15:38 16/09/2025
Հայաստան

Հյուսիս-Հարավ ճանապարհի երևանյան անավարտ հատվածի պատճառ դարձած հողի սեփականատերը պահանջում է 700 մլն դրամ փոխհատուցում

Հյուսիս-Հարավ ճանապարհի Երևանի Տիչինայի փողոցից մինչև Օհանով փողոցն ընկած հատվածում խցանումներն անտանելի են։ Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող 350 մ երկրաությամբ հատվածը տարիներ շարունակ չի կառուցվում հողատարածքի սեփականատերերից մեկի պառճառով, որը պահանջում է մեծ գումար իր տարածքի համար։

Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանի՝ այս հարցը բարձրաձայանելուց ամիսներ հետո էլ  խնդիրը չլուծվեց։

«Վերջին երեք ամիսներին ամենօրյա ռեժիմով զբաղվել եմ այս հարցով, տասնյակ հանդիպումներ եմ ունեցել Երևանի  քաղաքապետարանի, վիճահարույց հողի սեփականատիրոջ, իրավաբանների, ճանապարհը նախագծողի ու շինարարի հետ։ Ես շատ էի ուզում, որ ամռանն այս հատվածը կառուցվեր, և դա իսկապես իրագործելի էր, չեմ ուզում ներկայացնել, թե ովքեր թերացան, որ դա տեղի չունեցավ»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասում է Ն. Սարգսյանը։

Նա նշում է, որ 2018-ին դատարանի վճռով ճանապարհի կառուցման համար  վիճահարույց հողամասից առանձնացվել է 503 քմ տարածք, որը 40.5 մկն դրամ փոխհատուցման դիմաց գրանցվել է ՀՀ անունով։ Սեփականատերը չի համաձայնել վճռի հետ, բողոքարկել է մինչև Վճռաբեկ դատարան, բայց այն մնացել է անփոփոխ։

Հողի սեփականատերը 2022-ին դիմել է դատարան՝ օահանջելով վերականգնել իր սեփականության իրավունքը, ինչպես նաև անվավեր ճանաչել գերակա շահ ճանաչելու վերաբերյալ բոլոր իրավական փաստաթղթերը։ Դիմումն ընդունվել է  վարույթ ու որպես հայցի ապահովման միջոց դատարանն արգելել է քաղաքապետարանին որևէ շինարարություն իրականացնել։

Ասիական զարգացման բանկի պատվերով այս տարվա օգոստոսին իրականացվել է հողամասի նոր գնահատում, ինչի հիման վրա քաղաքապետարանն առաջարկել է 202 մլն դրամ, մոտ 5 անգամ ավելի, քան  նախկինում փոխհատուցել են։

 Սեփականատերը կրկին չի համաձայնել, պահանջելով 700 մլն դրամ փոխհատուցում, ինչպես նաև 10 տարի օգտագործած հողի սեփականաշնորհում ու դրա դիմաց էլ փոխհատուցում ստանալ։

Սեպտեմբերի 12-ի դատական նիստում կառավարության ներկայացուցիչը միջնորդել է դատարանին վերացնել շինարարության արգելքը։ Պատասխանը կհրապարակվի սեպտեմբերի 29-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հյուսիս-Հարավ ճանապարհի երևանյան անավարտ հատվածի պատճառ դարձած հողի սեփականատերը պահանջում է 700 մլն դրամ փոխհատուցում