Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայ տղաները պատրաստ են վերաիմաստավորել առնականության դասական պատկերացումները. Ուսումնասիրություն
Հայաստանում իրականացվել է հետազոտություն՝ նվիրված երիտասարդ տղաների կողմից տղամարդու դերի և կերպարի ընկալմանը։
«Դրական առնականություն 2.0» ծրագրի շրջանակում 2000-ից ավել երիտասարդի շրջանում իրականացվել է առնականության վերաբերյալ հարցում։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանում տղամարդու կերպարի մասին պատկերացումները փոխվում են։ 16-25 տարեկան երիտասարդները՝ և տղաները, և աղջիկները, թեև ավելի շատ են կարևորում կարեկցանքը, պատասխանատվությունը, բարությունը՝ ագրեսիայի փոխարեն, միևնույն ժամանակ զգալի թվով տղաներ դեռ հանդուրժող են ընտանեկան բռնության նկատմամբ։
Երիտասարդները, հատկապես կանայք, առնականության մասին իրենց պատկերացումները կապում են ոչ թե ֆիզիկական ուժի, այլ ներքին որակների հետ։ Երիտասարդ տղամարդկանց զգալի մասը բռնությունը դեռ համարում է ընդունելի։ Կանանց 93 տոկոսը կտրականապես մերժում է այդ գաղափարը, թե «երբեմն արդարացի է, որ տղամարդը ծեծի իր կնոջը», մինչդեռ տղամարդկանց մոտ այս ցուցանիշը կազմում է 84 տոկոս։
Ուսումնասիրության համաձայն, տղամարդիկ ավելի հակված են առաջնահերթություն տալ ավանդական հատկանիշներին, ինչպիսիք են «պատիվը բռունցքով պաշտպանելն» և զինվորական ծառայությունը։
Ըստ հետազոտության, երիտասարդ տղամարդկանց վրա ավելի մեծ ազդեցություն ունեն հայկական ավանդական մշակույթի կարծրատիպերը, մինչդեռ կանանց մոտ մեդիան և սոցիալական ցանցերն ավելի մեծ դերակատարում ունեն։
Ծրագիրն իրականացվել է TeensLIVE Հայաստան-ի կողմից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի (UNAIDS) աջակցությամբ։
TeensLIVE-ի ներկայացուցիչ Արուսիկ Մկրտչյանի ներկայացմամբ, ուսումնասիրության արդյունքները ներշնչող են՝ ավելի քան երբևէ կարևորվում է կարեկցանքը, պատասխանատվությունը, բարությունը, բայց առերսվում են այն փաստի հետ, որ վնասակար կարծրատիպերը շարունակում են ազդեցություն ունենալ երիտասարդ տղամարդկանց մտածողության նկատմամբ, այդ թվում՝ ընտանեկան բռնության նկատմամբ հանդուրժողականությունը։
«Կանայք ու աղջիկներն այսօր համարձակորեն մերժում են բռնությունը, իսկ տղաներն ավելի ու ավելի են պատրաստ վերաիմաստավորել առնականության դասական պատկերացումները, կոտրել կարծրատիպերը»,-ասաց Ա. Մկրտչյանը։

TeensLIVE-ի գենդերային հարցերով պատասխանատու Արմի Մկրտչյանի խոսքով, հարցման համաձայն, Հայաստանի երիտասարդները պատրաստ են մարտահրավեր նետել հին կարծրատիպերին և վերաիմաստավորել, թե ինչ է նշանակում լինել տղամարդ։ «Գնահատելով կարեկցանքն ու պատասխանատվությունն ագրեսիայի փոխարեն՝ նրանք ճանապարհ են հարթում ավելի առողջ հարաբերությունների և ավելի հավասար հասարակության համար»։
Արմի Մկրտչյանը նաև բացատրեց, թե ինչ նկատի ունեն ասելով «դրական առնականություն». այն անձին է բնութագրում որը ցուցաբերում է էմպատիա, պատասխանատվություն, հավասար հարաբերությունների է մոտենում, իսկ «բացասական առնականության» դեպքում անձը ցուցաբերում է ագրեսիվություն, իշխանության ձգում, վերահսկողություն։
Ի դեպ, «դրական առնականություն» կամ «բացասական առնականություն» տերմինները խորթ էին հետազոտության շնորհանդեսին ներկա շատերի համար, քանի որ առնականություն բառը մշտապես ընկալվում է որպես տղամարդկություն, ուժեղություն, հասունություն, որն արդեն իսկ դրական հատկություն է համարվում։

