Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր կենսաթոշակառուն ավելի վատ է ապրում, քան 7 տարի առաջ, երբ այս վարչախումբն եկավ իշխանության. Ավետիք Չալաբյան
«Կենսաթոշակային ապահովության խնդիրն տարեցտարի ավելի է ահագնանում և դառնում ավելի մեծ սոցիալական խնդիր»,-ասուլիսում հայտնեց «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման խորհրդի համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նա նշեց, որ նախաձեռնում են հասցեագրել խնդիրը և որոշ գործողություններ կատարել այդ ուղղությամբ։
«ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման խորհրդի անդամ Հրայր Կամենդատյանը ներկայացրեց Միավորման Սոցիալ-տնտեսական հանձնաժողովում իրականացրած կենսաթոշակների խնդիրների ուսումնասիրությունը։
Նշելով, որ կենսաթոշակային համակարգում ներգրավված են 502 հազար քաղաքացի՝ նա նշեց, թե այնտեղ խնդիրները շատ մեծ են։
Նա նաև հարց բարձրացրեց, թե արդյոք թոշակները 5 անգամ բարձարցնելու մասին իշխանական միֆն իրականությանը համապատասխանում է, թե ոչ։
Կամենդատյանը տեղեկացրեց, որ 2018 թվականին թոշակառուների թիվը եղել է ՀՀ բնակչության 15.6 %-ը, իսկ հիմա այն կազմում է 16.27 %։
«Սա նշանակում է, որ մեր ազգը շարունակում է ծերանալ, նաև կյանքի տևողությունն է ավելացել, բայց այստեղ մի խնդիր կա. ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ դառնում են կենսաթոշակառու, նրանց խնդիրները ավելանում են, բայց պետությունը պետք է երես չթեքի նրանցից և համակարգում իրականացնի ռեալ բարեփոխումներ»,-ասաց Կամենդատյանը՝ կարևորելով համապարփակ կենսաթոշակայի բարեփոխումները։
Նրա ներկայացմամբ, Հայաստանում նվազագույն կենսաթոշակը 36 հազար դրամ է, որը համարժեք է 93 դոլարի, Ադրբեջանում 188 դոլար է, Վրաստանում՝ 148 դոլար, իսկ Թուրքիայում 505 դոլար է։
«Այս թվերը ցույց են տալիս, որ մենք գտնվում են, ոչ թե խայտառակ համեմատության մեջ, այլ, որ Թուրքիայում, հարևան սուլթանատում կենսաթոշակառուն 2-5 անգամ ավելի շատ թոշակ է ստանում քան Հայաստանում»,-ասաց տնտեսագետը և այն համարեց անհանդուրժելի մոտեցում։
Կամենդատյանը նշեց, որ իշխանությունը մանկական ստերով հարցը տեղափոխում են այլ հարթություններ։
«Իշխանությունները հայտարարում են, թե 5 անգամ գործողութունները է կատարել ոլորտում, ինչը չի նշանակում, որ 5 անգամ բարձրացրել են թոշակները։ Թոշակները չի բարձրացել 5 անգամ էս մարդիկ ստում են»,-ասաց Կամենդատյանը՝ հիշեցնելով որ 2018 թվականին 17% բարձրացվել էր նվազագույն կենսաթոշակը, այնուհետև հետվճարային համակարգով մինչև 5 հազար դրամ ստանալու հնարավորություն են տվել, այնուհետև 3 հազար դրամ են ավելացրել թոշակառուների որոշակի թիրախային խմբի համար, դրան հաջորդել է նվազագույն կենսաթոշակը 36 հազար դրամ սահմանելուն, վերջում ել հետվճարը հասցրել են 6 հազր դրամ, բայց համակարգից հանել է կոմունալ վճարները։
Նա նշեց,որ 2018 թվականին միջին թոշակը 40 հազար դրամ էր, իսկ ներկայում 49 հազար դրամ, իսկ աղքատությունը 26.7% է եղել, ներկայում 23.7%, որը համարժեք չէ կյանքի թանկացմանը և բյուջեի ծախսերի ավելացմանը։
Կամենդատյանը հավելեց, որ այս ընթացքում հանրապետությունում թերսնվածքության ցուցանիշն էլ է ավելացել։
Խորհրդի անդամ, սոցապ նախկին փոխնախարար Դավիթ Հակոբյանն էլ նկատեց, որ վերջին 7 տարիներին 74%-ով միջին աշխատավարձի աճ է գրանցվել, որին զուգահեռ կա 20 % թոշակների աճ։
Հակոբյանը նշեց, որ ներկայում թոշակառուն 36 հազար դրամով չի կարող գնել այնքան ապրանք և ծառայություն, ինչքան 2017 թվականին։
«Այսօր կենսաթոշակառուն ավելի վատ է ապրում, քան 7 տարի առաջ, երբ այս վարչախումբն եկավ իշխանության»,-հավելեց Ավետիք Չալաբյանը՝ և բացատրեց որ կառավարությունը մոտ 3 անգամ ավելացրել է պետական ինստիտուտների ֆինանսավորումը, պետական պարտքի սպասարկումը,բայց թոշակները ճի բարձրացրել։
Միավորման համակարգողը վիճակագրական թվերով հիմնավորեց, որ հնարավորություն կա և իրենք հանդես են գալու թոշակները 50%-ով բարձրացնելու նախաձեռնությամբ։