Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչու է չեղարկվել Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ «Հրեշը Լուսնի Վրա» ներկայացումը
Դերասան Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ «Հրեշը Լուսնի Վրա» ներկայացումը, որը Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում բեմում պետք է լիներ սեպտեմբերի 18-ին, չեղարկվել է։
Դեռ սեպտեմբերի 13-ին ներկայացման պրոդյուսեր Թամարա Գևորգյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 18-ին կայանալիք «Հրեշը Լուսնի Վրա» ներկայացումը տեխնիկական խնդիրների պատճառով չեղարկվում է:
Նշենք, որ «Հրեշը Լուսնի Վրա» բեմադրությունը Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն խաղացանկային ներկայացումներից չէ, այլ թատրոնի բեմը այս ներկաացման համար վարձակալություն է տրվել։

Բնականաբար, սեպտեմբերի 14-ին ՀանդArt-ի «Ցանկապատ» ներկայացումից հետո Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ այս բեմադրության չեղարկումը օգտատերերի մոտ մտահոգություն է առաջացրել։
«Ներկայացումը չեղարկվել է: Այն Ցեղասպանությունը վերապրածների մասին էր, բայց դե նաև դրա դիմաց են «Ցանկապատ» դնում: Ցեղասպանության մասին խոսել, հիշել էլ չի կարելի:
Թե բա արտիստներին քաղաքականությանը մի խառնեք»... «Ես վստահ եմ, որ ուղղակի չեղարկել են, ոչ թե հետաձգել ու շատ կուզենայի սխալված լինել»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին «Ցանկապատ» ներկայացումը դիտել էր Նիկոլ Փաշինյանը, իսկ ներկայացումից հետո իր դիտարկումներն արել, նշել, որ ավարտում է անորոշ, հուզական ուղերձով։
«Ինձ ամենաշատը զարմացնում է այն, որ մենք գալիս ենք Բյուրականում նստում ենք և լացում ենք Արևմտյան Հայաստանը։ Ու չենք նկատում, որ Բյուրականը ինքը Հայաստան է»,- ասել էր Փաշինյանը՝ կրկին ներկայացնելով իր «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը։
Այս ներկայացումից ու նման դիտարկումներից հետո դերասանն ու ստեղծագործական խումբը քննադատության էր ենթարկվում, որ ըստ արժանվույն չեն արձագանքել Փաշինյանի դիտողություններին ու դատողություններին։
Ինչի մասին է «Հրեշը Լուսնի վրա» ներկայացումը
««Հրեշը Լուսնի վրա» ներկայացումը պարզապես թատերական ներկայացում չէ, այլ մարդկության դեմ ամենասարսափելի հանցագործություններից մեկի զոհ դարձածների հիշողություն:
Սա ներկայացում է, որը կստիպի ձեզ մտածել կյանքի իմաստի, սիրո ուժի և այն մասին, թե ինչ է նշանակում լինել մարդ:
Սա պարզապես ներկայացում չէ: Սա մի շարք հարցերի պատասխան է:
Ի՞նչ անել, երբ անցյալը փորձում է կոտրել քեզ, երբ ցավն ու կարոտը դառնում են քո ուղեկիցը:
Այս ներկայացումը այն մարդկանց մասին է, ովքեր գտել են պատասխանը։
Պատմության էջերում արյունով գրված հայ ժողովրդի պատմությունը հայտնի է բոլորին։
Բայց գիտե՞ք թե ինչ եղավ հետո։
Ինչպե՞ս դժոխքի միջով անցնելուց հետո նրանք ուժ գտան սիրելու, ծիծաղելու և շարունակելու ապրել»։