Եթե մենք չճանաչենք մեր անցյալը, ապա երբեք չենք հասկանա մեր ներկան. Արմեն Էլբակյան
Մշակույթ
14:29 19/09/2025
Հայաստան

Եթե մենք չճանաչենք մեր անցյալը, ապա երբեք չենք հասկանա մեր ներկան. Արմեն Էլբակյան

Գաբրիել Սունդուկյանի ծննդյան 200-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի Ձմեռային այգում բացվել է «Գաբրիել Սունդուկյան 200» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը, ինչպես նաև ազդարարվել է թատրոնի 104-րդ խաղաշրջանի բացումը:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, «Գաբրիել Սունդուկյան 200» խորագրով ցուցահանդեսը կազմակերպվել է Գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ։ Ներկայացված են Գաբրիել Սունդուկյանի անձնական իրերը, որոնք թանգարանի հավաքածուի մաս են կազմում։ Հայ մեծ դրամատուրգի ծննդյան 200-ամյակին նվիրված այս ցուցադրությունը բացառիկ հնարավորություն է ընձեռում այցելուներին ծանոթանալ սունդուկյանական աշխարհին, ինչպես նաև զգալ ժամանակի շունչը։ Ցուցադրությունը կգործի մինչև նոյեմբերի 1-ը։

Մինչ ցուցադրության մեկնարկը կայացած ասուլիսում թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը ներկայացրել է թատրոնի 2025-2026 թվականների խաղաշրջանի նորությունները։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել նոյեմբերին կայանալիք Երևանյան միջազգային թատերական փառատոնին, որի ընթացքում Հայաստան կժամանեն թատերախմբեր ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Մակեդոնիայից և այլ երկրներից։ Հաջորդ նորությունը Մայր թատրոնի թատերական ստուդիայի նոր կուրսի հավաքագրման մեկնարկն է։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը  խոսել է այն մեծ ավանդի մասին, որն ունի Գաբրիել Սունդուկյանն ինչպես հայ գրականության, այնպես էլ հայ թատերարվեստի պատմության և զարգացման գործում։ 

«Եթե մենք չճանաչենք մեր անցյալը, ապա երբեք չենք հասկանա մեր ներկան»,- ասել է նա՝ արժևորելով Սունդուկյանի գրական  ժառանգությունը և դրանում  բարձրացված խնդիրները:

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե մենք չճանաչենք մեր անցյալը, ապա երբեք չենք հասկանա մեր ներկան. Արմեն Էլբակյան