Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Փաշինյանի հայտարարությունը վտանգավոր է՝ Թուրքիան և Ադրբեջանը սրանց առաջ խնդիր են դրել փակել ՀԱԷԿ-ը. Մանվելյան
Կառավարության վերջին նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում արդեն 800 մգ/վտ արևային էներգիա է արտադրվում, և իրենք աննկատ երկու ատոմակայան են կառուցել(ակնարկելով ՀԱԷԿ-ը, որի հզորությունը 440մգ/վտ է)։ Նա նաև հանձնարարաեց մտածել Հայաստանից էներգեիան արտահանելու ուղղությամբ։ Վերոնշյալ հայտարարությունները մեկնաբանելու համար Panorama.am-ը դիմեց էներգետիկ հարցերով փորձագետ «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Արմեն Մանվելյանին։
Ա. Մանվելյան-Այդ հայտարարությունը, թե իբր երկու ատոմային կայանի չափ արևային էներգիա են արտադրում, ունի որոշակի միտում։ Այդ հայտարարությունը նա կրկնում է արդեն երկրորդ անգամ և համեմատում ատոմակայանի հետ։ Ինչո՞ւ է հենց ատոմակայանի հետ է համեմատում։
Այս միտումն իր մեջ բավականին լուրջ վտանգ է ներկայացնում, որովհետև սրանով վաղ թե ուշ նրանք փորձելու են արդարացնել ատոմակայանի փակելու քայլը։ Թուրքիան և Ադրբեջանն իրենց առաջ խնդիր են դրել փակել ՀԱԷԿ-ը, սրանք էլ սկսել են ասել, թե երկու ատոմակայանի չափ արևային էներգիա են արտադրել։ Անհասկանալի միավոր են ընտրել՝ շեշտելով ատամակայանը։
Այս իշխանությունները նաև շեշտում են, թե իբր իրենք են այն արել։ Սկսեմ նրանից, որ արևային էներգետիկայի զարգացման ռազմավարությունն ընդունվել է 15 տարի առաջ և դեռ այն ժամանակ ստորագրվել էին մի շարք պայմանագրել և մի քանի միջազգային վարկային կազմակերպություններ և ֆինանսական բանկեր բավականին էժան վարկեր էին տալիս Հայաստանին՝ հենց արևային էներգետիկայի զարգացման համար։ Դրանից էլ օգտվել են բնակիչները, տասնյակ միլիոնների վարկեր են վերցրել ու իրենց բնակարանների, հիմնարկների տանիքների վրա մեծ թվով արևային պանելներ են տեղադրել։
Սա բերելէ նրան որ մեծացելէ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները, որոնք ստացվում են արևային կայաններից։
Բայց գործող իշխանությունները սրա հետ ուղղակիորեն ոչ մի կապ չունեն, հակառակը՝ այս տարվա հուլիսի 1-ից այն վարկային արտոնությունները, որոնք մարդիկ ունեին արևային պանելներ վերցնելու համար՝ դրանք վերացրել են։ Կրկնեմ՝ այն արել են ընթացիկ տարվա հուլիսի 1-ից, ինչի մասին չեն էլ ասում։ Այսինքը սրանք իրավիճակն ավելի են վատացրել՝ փորձելով դրական արդյունքներն իրենց վերագրել։
Արևային էներգետիկան կայուն չէ։ Հատկապես վերջին տարիներին Եվրոպայում տեղի ունեցող «բլեյքաուտների» ժամանակ, երբ ողջ երկրներում անջատվում էին էներգետիկ համակարգերը, օրինակ վերջին դեպքը եղավ Իսպանիայում, երբ այդ ողջ երկիրը 3 օր շարունակ էլեկտրաէներգիա չուներ, այդ ժամանակ հերթական անգամ մասնագետները հասկացան, որ արևային էներգիայի վրա հիմնված էներգետիկ համակարգերը կայուն չեն։
Այն պետք է ունենալ, զարգացնել, բայց որպես օժանդակ էներգետիկ համակարգ։ Այն չի կարող փոխարինել, ոչ ատոմակային, ոչ ջերմային կայաններին։ Այն չես էլ կարող արտահանել։ Հնարավոր է արտահանել ջերմային կայանների արտադրանքը, որոնք անխափան աշխատում են և կապված չեն եղանակային փոփոխությունների հետ։ Օրինակ այսօր օրն ամպամած է և արևային կայաններն աշխատում են շատ թույլ ու մարդիկ ներկայում էներգիայի մյուս աղբյուրներից են օգտվում։
Այդ հայտարարությունը ոչ թե դիլետանտիզմի մասին է, այլ ավելի շատ խոսում է վտանգավոր միտումների, հատկապես ատոմակայանի թեման շոշափելու մասին։
Այսինքն այս մարդիկ փորձում են ապացուցել, որ մեզ այլևս ատոմակայան, ատոմային էներգետիկա պետք չէ, ինչն ուղղակի աղետաբեր է լինելու Հայաստանի համար։
Panorama.am-Նիկոլ Փաշինյանը բոլոր դեպքրեւոմ խոսում է էներգիայի արտահանման մասին, արևային էներգիան ձեռնտո՞ւ է արտահանել, այն թնակ չէ՞։
Ա.Մանվելյան-Արևային էներգիա մենք չենք կարող արտահանել, այդ հայտարարությունը հիմարություն է։ Առավել նվազ գնող մեր հիդրոկայաններն են սեզոնին էլեկտրաէներգիա արտադրում և Ատոմակայանն է էժան էներգիա տալիս։ Արևային էներգիայի մեկ կվ/ժամ-ը շատ թակ է։ Այն շատ հարմար է կենցաղում, երբ դրանով փոխարինում ես պահանջարկի որոշ չափը, բայց նրա սպասարկումը շատ բարդ է և դժվար։
Ժամանակին կար «Մասրիկի» 50 մգ/վտ հզորության արևային կայանի կառուցման ծրագիր, այն բավականին երկարաձգեցին,և հիմա նոր նախատեսում են կառուցել։ Եթե անգամ այդ կայանը կառուցվի, միևնույն է այն կայուն չէ, չես կարող այն կուտակել և արտահանել։ Կարող ես արտահանել քո ատոմային կայանի և ջերմակայանների էներգիան, որովհետև դրանք աշխատում են կայուն հումքի՝ մի դեպքում՝ ուրանի, մյուս դեպքում՝ գազի հումքով։ Սրանք կայուն են, կլիմայից կախված չեն։
Եթե դու ուզում ես արդյունաբերություն զրագացնես, ապա պետք է կայուն էներգետիկ համակարգ ունենաս, ինչը արևայինը չի ապահովում։ Երբ սկսում ես մեծամասշտաբ արևային էներգիա արտադրել, ապա սպասարկումը շատ թանկ է, դրանց պանելներն են թանկ, որոնք ամբողջովին Չինաստանից են ներմուծվում, ունենում ես կախում չինական շուկայից, որովհետև այնտեղ շատ էժան են և նրանց այլընտրանք չկա։ Բացի այդ, դրանք շատ վտանգավոր տոքսիկ նյութերից են պատրաստվում, անընդհատ կոտրվում են, պետք է փոխվի։ Կրկնեմ՝ այն ձեռնտու է միայն կենցաղային կարիքները բավարարելու համար։