Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երկու տարի առաջ այս օրը շրջափակված ու սովի մատնված Արցախը հարձակման ենթարկվեց Ադրբեջանի կողմից։ Վերջին օրերին արցախցի հայրենակիցներն իրենց սոցիալական էջերում ավելի հաճախ են պատմում բլոկադայի ու պատերազմի, հայաթափմանը նախորդած օրերի մասին։
Մերի Դավթյանը հիշում է.
«19.09.23
ժամը 13:15 Համալսարանից ոտեոտ հասել էի տուն, նախօրեին թխածս հացով ու առավոտյան խաշած կարտոֆիլով սեղան բացել՝ հանապազօրյան ճաշակելու մեծ ախորժակով։ Չհասցրի, դղրդաց…ակա՞ն են պայթեցնում, թե՞ նորից է սկսվում՝ խառն ու վախվորած մտքերիս անմիջապես հստակություն մտցրեց երկրորդ՝ առավել հուժկու պայթյունը։
Հետո՝ խուճապահար հարևաններով սլացք դեպի նկուղ, հարազատներին զանգելու անհնարին փորձեր, աղմուկ-աղաղակ, նորից պայթյուն-դղրդյուն, անհուսություն, նկուղային հարմարությունների պատրաստում, անորոշություն, սպասում…
Հետո՝ աղետ։
Հետո հիշողություն՝ կրծող, մաշող։
Հետո՝ իրականություն, որ կոչվում է կյանք»։

Արցախցի Լուսինե Գրիգորյանը գրում է.
«Սեպտեմբերի 19-ը միայն հիշողության օր չէ։ Դա պարտականության օր է՝ մեր տան, մեր հողի, մեր անհետացած ծիծաղների ու անմահ հերոսների հանդեպ։ Յուրաքանչյուր անուն մեր սրտերում մի ամբողջ աշխարհ է, մի պատմություն՝ ցավի, պայքարի և հավերժ հիշատակի։
Հիշում եմ մեր տունը՝ լեցուն ուրախությամբ ու խաղաղությամբ։ Այնտեղ, որտեղ ամեն ինչ բնական էր թվում․ այնտեղ էր մեր ժպիտը, մեր հույսը, մեր երջանկությունը։ Չէի էլ պատկերացնում, որ կգա մի օր, երբ այսքան երկար կտրված կլինեմ իմ քաղաքից, իմ երկրից։ Բայց կյանքը ստիպեց ապրել կարոտով, երբ տունը մնաց հետևում, իսկ ես հեռացա։
Երբ հեռանում էինք,տների պատուհանները ինձ նայում էին հեռվից։ Աչքերիս մեջ մնաց այդ տեսարանը, և մինչ օրս հետապնդում է ինձ։ Տները, որ թվում էին քար ու ցեմենտ, այդ պահին դարձան կենդանի արարածներ՝ ցավով ու սպասումով։
Սեպտեմբերի 20-ի հրադադարից հետո ես անդադար քայլել եմ։ Քայլել եմ գիշեր ու ցերեկ, անքուն ու անվերջ, անցել եմ դատարկ փողոցներով, լքված բակերով։ Քայլել եմ՝ չթողնելու, որ հողը մոռանա իմ ոտնաձայները։ Քայլել եմ՝ լսելու պատերի լռությունը, որ լցված էր մեր մանկության ծիծաղով ու աղոթքներով։ Ամեն քայլը կարծես երդում էր՝ որ ես կհիշեմ, ես կվերադառնամ։
Երկու տարի անց էլ Արցախը շարունակում է մեզ սպասել։ Դատարկ փողոցները, լուռ պատերը պահում են մեր հիշողությունները։ Անտեր մնացած տները կարծես պահակ են կանգնած՝ մինչև մենք վերադառնանք։ Մեր ծիծաղի արձագանքը դեռ շրջում է դատարկ բակերում, մեր քայլերի ջերմությունը դեռ զգացվում է հողի վրա։ Եկեղեցիների քարերը շարունակում են շնչել մեր աղոթքները։ Ամեն պատ, ամեն ծառ, ամեն ստվեր մեզ է կանչում նույն հավատարիմ հայացքով։
Սեպտեմբերի 19-ը մեզ հիշեցնում է, որ ցավը պետք է դառնա ուժ, կարոտը՝ պայքար, հիշողությունը՝ երդում։ Դա օր է, երբ մենք մեր ներսում նորից հաստատում ենք՝ ոչինչ ավարտված չէ։ Արցախը սպասում է մեզ ոչ թե որպես անցյալ, այլ որպես ապագա։
Եվ մենք գիտենք․ մի օր կվերադառնանք։ Վերադառնալու ենք մեր տները կյանքի ձայնով լցնելու, մեր բակերում նորից ծիծաղ հնչեցնելու, մեր եկեղեցիներում աղոթքը վերականգնելու։ Վերադառնալու ենք ոչ թե որպես հյուրեր, այլ որպես տերեր՝ հավատարիմ մեր հիշողությանը և մեր պարտքին։
Սեպտեմբերի 19-ը հենց այդ խոստման օրն է։ Խոստում, որ Արցախը չի մնալու սպասման մեջ․ մենք կվերադառնանք, որովհետև Արցախը մեր սիրտն է, իսկ սիրտը երբեք չի լքվում»։

Արցախցի Անուշ Աթանջանյանը մի տեսանյութ է հրապարակել ու գրել.
«Պատերազմ տեսածը կյանքում դա չի մոռանա… նույնիսկ եթե դա տևել է մեկ օր..
ամեն ինքնաթիռի ձայնից լարվելու է, ամեն կայծակի, հրավարության ձայնից վեր է թռնելու, երազներում է տեսնելու…
ու միշտ սպասելու է նորի…
Իսկ իր փրկված կյանքը լրիվ այլ ձև է ապրելու՝ առանց իրական ժպիտի…
Ատում եմ պատերազմը
Ստեփանակերտ
Սեպտեմբերի 19, 2023 թիվ…
Հայ ազգի հայ մնալու գրավականը Արցախն էր…
Փարք ու պատիվ մեր տղերքին, որ նույնիսկ դավաճանված փորձել են պահել Արցախը…»։