«Հրապարակ». Ագրեսիվ են դառնում ՔՊ-ի քայլերը Վաղարշապատ խոշորացված համայնքում
Օրվա մամուլ
08:44 20/09/2025
Հայաստան

«Հրապարակ». Ագրեսիվ են դառնում ՔՊ-ի քայլերը Վաղարշապատ խոշորացված համայնքում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ինչքան մոտենում է ՏԻՄ արտահերթ ընտրության օրը, այնքան ագրեսիվ են դառնում ՔՊ-ի քայլերը Վաղարշապատ խոշորացված համայնքում։ Ամեն գնով հաղթանակ կորզելու համար ՔՊ-ն փորձում է իր ճանապարհից հեռացնել բոլոր նրանց, ովքեր պոտենցիալ վտանգ են ներկայացնում։ «Հրապարակն» արդեն գրել է, որ ՔՊ-ի թեկնածու, Վաղարշապատի համայնքապետի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի ձեռքով աշխատանքից ազատվել է Էջմիածնի 13-րդ մանկապարտեզի տնօրենը` զուտ այն պատճառով, որ «Էջմիածին դաշինք» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանի քեռու կինն է։

Մեր տեղեկություններով՝ օրերս էլ պաշտոնանկ է արվել Սևակ Խաչատրյանի քեռին՝ Մաշտոցի ոստիկանապետը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ գնդապետից պահանջել են համոզել զարմիկին, որ ընտրություններում չառաջադրվի։ «Ես ինչպե՞ս կարող եմ նրա որոշման վրա ազդել»,- ասել է ոստիկանապետը, ինչին հաջորդել է պաշտոնանկությունը։ Որդու, եղբոր ու հարսի դեմ սկսված արշավը ծանր է տարել Սևակ Խաչատրյանի մայրը, որն աշխատում էր Վաղարշապատի համայնքապետարանում։ Ընտանիքին հալածող ղեկավարի հետ իր հետագա աշխատանքը տիկինը համարել է ոչ նպատակահարմար և ազատվել է աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն։

Լարվածություն է ստեղծվել նաև բոլոր այն հաստատություններում, որտեղ հնարավոր այլ թեկնածուների բարեկամներ են աշխատում։ Նրանք ապրում են գործը կորցնելու վախով: Փոխարենը լիակատար ազատություն և տոտալ քարոզչական մթնոլորտ է տիրում պրոիշխանական հիմնարկներում, օրինակ` Էջմիածնի 4-րդ դպրոցում, որի տնօրենն Արգիշտի Մեխակյանի զոքանչն է։ Այստեղ բացահայտ քարոզչություն են սկսել տնօրենի ՔՊ-ական փեսայի օգտին՝ չկաշկանդվելով օրենքի պահանջներից, որ կրթօջախները պետք է ապաքաղաքական լինեն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ագրեսիվ են դառնում ՔՊ-ի քայլերը Վաղարշապատ խոշորացված համայնքում