Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ես պե՞տք է ձեզանից վախենամ. «Ուիգմոր»-ը դատի է տվել հիվանդանոցի մասին դժգոհություն հայտնած մայրիկին
«Ուիգմոր» մանկական հիվանդանոցը դատի է տվել Մարի Ավետիսյանին, ում հիվանդ երեխային մոտ երկու ամիս առաջ տեղափոխել են այդ հիվանդանոց։
Վերջինն ինսթագրամի իր էջում դժգոհել է, որ իր երեխային տեղափոխել են այդ հիվանդանոց, սակայն պատշաճ հետազոտություն չի իրականացվել, ախտորոշում չի արվել։
Panorama.am-ը Datalex-ից տեղեկացավ, որ ընկերության ներկայացուցիչն օգոստոսի 27-ին դիմել է դատարան ու պահանջել պարտավորեցնել Մարիա Ավետիսյանին իր կողմից վարվող ինստագրամյան էջի միջոցով հերքել իր 03.08.2025 ինստագրամյան էջի stories (պատմություններ) բաժնում տեղադրված Հայցվորի վերաբերյալ արված արտահայտությունները։ Ընկերությունը դրանք որակել է որպես զրպարտություն ու դատարանին ներկայացրել իր կողմից մշակված հերքման տեքստը, որտեղ մասնավորապես նշված է. «Ներկայումս ցանկանում եմ հայտնել, որ «Ուիգմոր Գրուփ» ՓԲԸ-ի վերաբերյալ հայտնածս տեղեկատվությունն իրականության հետ որևէ առնչություն չունի և հանդիսացել է զրպարտության արդյունք»։Վարույթը նույն օրը մակագրվել է դատավոր Թաթուլ Ղուկասյանին։
Դատարանի՝ սեպտեմբերի 5-ի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է: Հայցվորի ներկայացուցչի կողմից հայցադիմումը վերադարձնելու որոշումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում հայցադիմումը կրկին ներկայացվել է, մակագրվել է դատավոր Թ. Ղուկասյանին: Նշվում է, ոչ Հայցադիմումը ներկայացված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 120-122-րդ հոդվածների պահանջներին համապատասխան: Հայցադիմումի ընդունումը մերժելու կամ հայցադիմումը վերադարձնելու հիմքեր չկան: Հայացադիմումն ընդդեմ Մարիա Ավետիսյանի ընդունվել է վարույթ։
Արձագանքելով իր դեմ ներկայացված հայցին՝ փոքրիկի ծնողը սոցիալական իր էջերում նշել է.
«Ձեր կարծիքով, ես պե՞տք է ձեզանից վախենամ։ Իմ բալիկը քովիդով հիվանդ է եղել, ունեցել է թոքաբորբ։ Տարել եմ իրենց մոտ, չեն ընդունել։ Ամբողջը կամեռաներով նկարահանվել է։ Ասել են, նորմալ է, թոքերը մաքուր են, թոքաբորբ չկա։ Հինգ րոպե հետո տանում ենք Բաբլոյան, նկարում են թոքերը, տեսնում ենք՝ երեխան թոքաբորբ է ու քովիդ։ Առաջինը պետք է այդ թեստը հանձնեին, քանի որ այնտեղ ուրիշ հիվանդ բալիկներ կան ծանր վիճակում գտնվող, աղիքային ինֆեկցիայով։ Պատկերացնո՞ւմ եք, ես չգիտեմ իմ բալիկը հիվանդ է»։
Նրա խոսքով, 40 աստիճան տաքություն ունեցող երեխային բուժօգնություն ցուցաբերելու փոխարեն, ադմինիստրատորներից մեկն ասել է. «Արի, գումարը վճարի տերմինալով։ Դուք-ով էլ չի դիմում էլի»։
Ավետիսյանի պնդմամբ, միայն ինքը չէ, որ բողոքում է «Ուիգմոր»-ից. «Այդ հիվանդանոցն անհեթեթություն է, փող աշխատելու միջոց, սիրուն պատերը սարքել են, ու...։ Ու փոխարեն զանգեն ներողություն խնդրեն, ենթադրենք, ես բերում էի իմ բալիկին, փորձում էի բուժել տնային պայմաններում, պատկերացնո՞ւմ եք հետևանքները, մի հատ էլ դատի են տվել։ Ես չեմ կարող մարդկանց խաբել, սա կոնկրետ իմ բալիկի առողջության հետ է կապված»։