ՀՖՖ-ն ներկայացնում է Դանիել Հակոբյանին, որը ֆուտբոլի շնորհիվ փոխում է ճակատագրեր
Սպորտ
18:48 23/09/2025
Հայաստան

ՀՖՖ-ն ներկայացնում է Դանիել Հակոբյանին, որը ֆուտբոլի շնորհիվ փոխում է ճակատագրեր

Հայաստանը նշում է ՈՒԵՖԱ Մասսայական ֆուտբոլի շաբաթը՝ EA Sports FC Futures-ի հետ գործակցությամբ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատմում է Դանիել Հակոբյանի մասին, որը ֆուտբոլի շնորհիվ փոխում է ճակատագրեր:

«Փոխել ճակատագրեր ֆուտբոլի շնորհիվ` հանուն ֆուտբոլի և հանուն կյանքի։ Սա է մարզիչ Դանիել Հակոբյանի կարգախոսը։ Մարդ, որն իր առօրյան նվիրել և նվիրում է ֆիզիկական, ինչպես նաև մտավոր առանձնահատկություններով երեխաներին մարզելուն։ Մասնագետ, որն ապահովում է ֆուտբոլի հասանելիությունը բոլորին և խրախուսում է դիտարկել մարզաձևը որպես առողջության միջոց։

Սեր, ոգևորություն, նվիրվածություն։ Այս 3 կետն օգնում է Դանիելին ղեկավարել շուրջ 40 ֆուտբոլիստով համալրված ներառական թիմերը։

Հակոբյանի ուղղին սկսել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում։ Բուհում ստացել է ֆիզիկական դաստիարակության և սպորտային մարզումների բակալավրի, ինչպես նաև մագիստրոսի աստիճաններ: Այսքանով, սակայն, չի բավարարվում։ Այժմ հաճախում է ադապտիվ ֆիզիկական դաստիարակության դասընթացներին:

Ուսումից զատ, Դանիելը Ֆիզկուլտուրայի ուսուցիչ է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:

Գործունեությունը շարունակում է նաև միջազգային հարթակներում։ Դանիելը Հատուկ Օլիմպիական խաղերի միջոցառումների կամավոր է։ Ակտիվ է համայնքային աշխատանքներում՝ հաշմանդամային սպորտի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու համար: Այս ամենին զուգահեռ, Դանիելը համագործակցում է ՀՖՖ մասայական և սիրողական ֆուտբոլի բաժինների հետ։ Նպատակը՝ մշակել թիմային աշխատանքի, վստահության և սոցիալական կապի վրա հիմնված անհատական մարզումների ծրագիր։

Նա նվիրված է ներառական միջավայր ստեղծելուն։ Անկյուն, որտեղ յուրաքանչյուր խաղացող կարող է զարգացնել իր հմտությունները: Նրա առաքելությունն է ֆուտբոլի միջոցով օգնել զարգացման առանձնահատկություններ ունեցող խաղացողներին։ Օգնել նրանց ունենալ վստահություն, ֆիզիկական պատրաստվածություն և կարևորության զգացում: Ըստ Դանիելի՝ ֆուտբոլը պարզապես խաղ չէ․ սոցիալական ներառման, անձնական զարգացման և խոչընդոտների հաղթահարման հզոր գործիք է»։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀՖՖ-ն ներկայացնում է Դանիել Հակոբյանին, որը ֆուտբոլի շնորհիվ փոխում է ճակատագրեր