Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ի՞նչ պետք է իմանալ պլաստիկ վիրահատություններից առաջ. Մասնագետի խորհուրդ
Պլաստիկ վիրաբուժությունն այսօր շատերի համար ոչ միայն արտաքին տեսքի բարելավման, այլև ինքնավստահության բարձրացման միջոց է դարձել։ Պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժության գծով ԱՆ խորհրդատու Աննա Սարգսյանը նշում է՝ հաճախ մոռացության են մատնվում այն կարևոր ռիսկերն ու բարդությունները, որոնք կարող են առաջանալ վիրահատությունից հետո, հատկապես այն դեպքերում, երբ մի քանի միջամտություն իրականացվում է միաժամանակ՝ այսպես կոչված կոմբինացված վիրահատությունների շրջանակում։
Ի՞նչ է կոմբինացված պլաստիկ վիրահատությունը
Կոմբինացված պլաստիկ վիրահատություն է համարվում այն դեպքը, երբ միաժամանակ կատարվում է երկու կամ ավելի վիրահատական միջամտություն՝ ընդհանուր անզգայացմամբ, մեկ վիրահատական փուլում։ Օրինակ՝ որովայնի պլաստիկա՝ կրծքագեղձի պլաստիկայի կամ լիպոսակցիայի հետ համատեղ, դեմքի ձգում՝ բլեֆարոպլաստիկայի և պարանոցի ձգման հետ, և այլ համադրություններ։
Հնարավոր բարդություններ
1. Վիրահատության տևողության ավելացում. կոմբինացված միջամտությունները կարող են տևել 6-8 ժամ և ավելի։ Երկարաժամկետ անզգայացման պայմաններում ավելանում են սրտանոթային, շնչառական և այլ օրգան-համակարգերի բարդությունների առաջացման վտանգները։
2. Արյան մեծ կորուստ կամ թրոմբոզի վտանգ. միաժամանակ իրականացվող բազմաթիվ միջամտությունները կարող են բերել արյան մեծ կորստի կամ ավելացնել թրոմբոզի վտանգը։
3. Վարակման բարձր ռիսկ. վերքային մեծ մակերեսների առկայությունը դժվարացնում է խնամքը, որը նպաստում է վարակային բարդություններին։
4. Կրկնակի վիրահատությունների անհրաժեշտություն. հնարավոր են արդյունքների անհամաչափություն, ֆունկցիոնալ խանգարումներ կամ գեղագիտական ոչ բավարար արդյունքներ։ Դրանք պահանջում են նոր միջամտություններ, որոնք հաճախ ավելի բարդ ու ռիսկային են։
Ովքեր են բարձր ռիսկային խմբում
• Տարեցներ (>45 տարեկան):
• Քրոնիկ հիվանդություններով անձինք (շաքարային դիաբետ, հիպերտոնիա, սրտանոթային հիվանդություններ):
• Ծխողներ:
• Ճարպակալում ունեցողներ (BMI > 30):
• Անհատներ՝ հոգեբանական խնդիրներով կամ մարմնի ընկալման խեղաթյուրմամբ (BDD):
Ինչպես կարող եք նվազեցնել պլաստիկ վիրահատության ռիսկերը
Այս հիմնական քայլերը կօգնեն նվազեցնել բարդությունների հավանականությունը.
1. Ընտրե՛ք փորձառու, որակավորված և հավաստագրված վիրաբույժ:
2. Վիրահատվե՛ք միայն լիցենզավորված բժշկական հաստատություններում, որտեղ կան բոլոր անհրաժեշտ պայմաններն ու լիարժեք վերակենդանացման հագեցվածությունը։ Զգուշացե՛ք այն կլինիկաներից, որոնք առաջարկում են չափազանց էժան ծառայություններ։
3. Լիարժեք բժշկական հետազոտություններ անցե՛ք վիրահատությունից առաջ: Ստացե՛ք ընդհանուր առողջական վիճակի գնահատում, ներառյալ` սրտաբանի, թերապևտի, անեսթեզիոլոգի և այլ նեղ մասնագետների խորհրդատվություն։ Սա կօգնի հայտնաբերել հնարավոր հակացուցումները։
4. Նշե՛ք բոլոր առկա հիվանդությունները, ալերգիաները, օգտագործվող դեղամիջոցները և նախորդ վիրահատությունները։ Թաքցված կամ ոչ ամբողջական տեղեկությունը կարող է լուրջ ռիսկեր առաջացնել վիրահատության ընթացքում և հետո։
5. Միաժամանակ մի՛ պահանջեք չափից շատ միջամտություններ:
Կոմբինացված վիրահատությունները բարձրացնում են բարդությունների հավանականությունը։
6. Պահպանե՛ք բժշկի բոլոր ցուցումներն ու նախա/հետվիրահատական ռեժիմը, հատկապես կարևոր է ճիշտ վերականգնողական շրջանը՝ դեղորայքի ընդունում, ակտիվության սահմանափակում, սանիտարական ռեժիմ և պարբերական հետազոտություններ։
Բացառե՛ք «սև շուկայի» պրոցեդուրաները:
Անօրինական կամ չվկայագրված անձանց կողմից սրահներում, տներում կամ ոչ բժշկական այլ հաստատությունում կատարվող պրոցեդուրաները կարող են լինել չափազանց վտանգավոր, անգամ` մահացու։ Ռիսկի մի՛ դիմեք։