Բորիս Ավակյանին Սանկտ Պետերբուրգի Հայաստանի հյուպատոսությունում մահացած են գտել
Քաղաքական
10:28 24/09/2025
Տարածաշրջան

Բորիս Ավակյանին Սանկտ Պետերբուրգի Հայաստանի հյուպատոսությունում մահացած են գտել

Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի դատարանից փախչելուց հետո Հայաստանի հյուպատոսարանում  «Ռոսրեստր»-ի նախկին պաշտոնյա Բորիս Ավակյանը զուգարանում անգիտակից վիճակում է հայտնաբերվել։ Բժիշկները չեն կարողացել փրկել նրան։ SHOT-ը պարզել է նրա մահվան հանգամանքները։

Ավակյանի հայտնաբերումից հետո անմիջապես շտապօգնություն է կանչվել դիվանագիտական ​​առաքելություն, սակայն այդ պահին նրան օգնելու համար արդեն ուշ է եղել։ Ժամանած բժիշկները կարողացել են միայն հաստատել «Ռոսրեստր»-ի նախկին պաշտոնյայի մահը։

Բորիս Ավակյանը, ով «Ռոսրեեստր»-ի և «Ռոսիմուշչեստվո»-ի Սանկտ Պետերբուրգի գրասենյակների նախկին պաշտոնյա է, մեղադրվում է մաքսային վճարումներից խուսափելու մեջ։ Նա դատարանից փախել էր «ծխելու գնալու» պատրվակով։

Երեկ ուշ երեկոյան «Փաստինֆո»-ն գրել էր, որ Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի շրջանային դատարանը «Ռոսրեեստր»-ի և «Ռոսիմուշչեստվո»-ի տարածաշրջանային գրասենյակների նախկին պաշտոնյա Բորիս Ավակյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարել մաքսային վճարումներից խուսափելու մեղադրանքով։  Նա փախել էր դատարանի շենքից։

«Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա թաքնվում էր Սանկտ Պետերբուրգի Հայաստանի հյուպատոսարանում՝ Վասիլևսկի կղզում։ Քանի որ հյուպատոսարանը համարվում էր օտար պետության տարածք, ռուսական իրավապահները չէին կարող մուտք գործել առանց դիվանագիտական համաձայնության։

SHOT-ի տվյալներով՝ Բորիս Ավակյանը մեղադրվում է մաքսային վճարներից խուսափելու մեջ՝ ավելի քան 4,2 միլիարդ ռուբլու վնասով։

2025թ․ օգոստոսին նա պայմանագիր էր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ՝ մասնակցելու Ուկրաինայում ռազմական գործողություններին , ինչի արդյունքում քրեական գործի վարույթը ժամանակավորապես դադարեցվել էր։ Ավելի ուշ նա խզել է պայմանագիրը, և գործի քննությունը վերսկսվել է։

Նա նախկինում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, այդ թվում՝ Ռոսռեեստրի Սանկտ Պետերբուրգի վարչությունում և Սանկտ Պետերբուրգի առևտրային նավահանգստի մաքսային բրոքերային ընկերությունում։

Նշենք, որ այսօր ավելի վաղ Բորիս Ավագյանը «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ գտնվում է Սանկտ-Պետերբուրգի հյուպատոսարանում՝ ցանկանալով հանձնվել Հայաստանին՝ ՀՀ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում»,-ասվում է լուրում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ավակյանն ուղիղ եթերով էր հանդես եկել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder