«Հրապարակ». ՀՅԴ-ն զրպարտության և վիրավորանքի մի քանի հայց է ներկայացրել նիկոլական գործիչների դեմ
Օրվա մամուլ
08:41 24/09/2025
Հայաստան

«Հրապարակ». ՀՅԴ-ն զրպարտության և վիրավորանքի մի քանի հայց է ներկայացրել նիկոլական գործիչների դեմ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սեպտեմբերի 22-ին ՀՅԴ-ն զրպարտության և վիրավորանքի մի քանի հայց է ներկայացրել նիկոլական գործիչների՝ ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանի, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի դեմ: ՀՅԴ շահերը ներկայացնող փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ նրանք Ղարաբաղի կորուստը փորձել են Դաշնակցությանը մեղսագրել:

Լուսինե Բադալյանը սեպտեմբերի 10-ին armtimes.com կայքին տված հարցազրույցում հայտարարել է. «Եվս մեկ անգամ եմ ուզում հարցնել՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ունե՞ր դրական կողմեր, իսկապե՞ս, Դաշնակցություն կուսակցությունը չէ՞ր, որ Արարատ Միրզոյանի սպանության փորձը կազմակերպել էր, Դաշնակցությունը չէ՞ր, որ ԱԺ ներխուժել էին նոյեմբերի 9-ի գիշերը, Դաշնակցությունը չէ՞ր, որ կազմակերպել էր կառավարությունը, ինչպես նաև կառավարական ամառանոց... էդ ամբողջ ջարդուփշուրները, Դաշնակցություն կուսակցությունը չէ՞ր կամ ընդդիմադիր մնացած ուժերը չէի՞ն, որոնք որ ընկած՝ փնտրում էին իշխանության վերնախավին՝ գլխատելու համար, նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթղթի համար»:

Գևորգ Պապոյանն էլ օգոստոսի 21-ին նույն կայքի հետ տեսազրույցում ասել էր. «Եթե նոյեմբերի 9-ը լավն էր, ինչո՞ւ էին ՀՅԴ-ՀՀԿ-ականները ջարդում շենքերը, գողանում ոսկեղեն»: Իսկ Արամ Սարգսյանն օգոստոսի 27-ին Factor.am-ում ասել էր. «Իրենց դաշնակցականը չէ՞ր, որ Եվլախում բանակցում էր, բանակցեց, տեսանք՝ ինչ ստացվեց, իրենց դաշնակցականը չէ՞ր, որ Ալիևի առաջարկները` դրանից առաջ Բաքու գնալու, բանակցելու, մերժեց, իրենք էին, չէ՞: Բա բանակցեիք, ժամանակին բանակցեիք»:

Լուլուից ՀՅԴ-ն 3 մլն դրամ է պահանջում՝ որպես զրպարտության հետևանքով կրած ոչ նյութական վնասի փոխհատուցում, Գևորգ Պապոյանից` 3 մլն, որից 2 մլն-ն՝ զրպարտության, 1 մլն-ն՝ վիրավորանքի համար, Արամ Սարգսյանից՝ 3 մլն դրամ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». ՀՅԴ-ն զրպարտության և վիրավորանքի մի քանի հայց է ներկայացրել նիկոլական գործիչների դեմ