Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԿԲ-ի նախագահը ԱԺ ամբիոնից հնչեցրել է անհիմն հայտարարություններ՝ ուկրաինացի երեխաների օրգանների վաճառքի մասին. Խոստովանում են՝ փաստեր չունեն
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ԱԺ ամբիոնից ծանր հանցագործության մասին հայտարարություններ է հնչեցնում՝ կոնկրետ երկրներ վկայակոչելով՝ առանց որեւէ փաստական տվյալների։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9-ին ԱԺ ամբիոնից ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը մասնավորապես հայտարարեց. «...պատկերացնում եք չէ՞, եթե հանկարծ ստեղծվի իրավիճակ, որ կրիպտոն հոսի բանկային համակարգ, և մենք պատկերացում չունենանք կրիպտոյի ձևավորման աղբյուրը, արդյո՞ք դա Սիրիայում հրթիռների վաճառքից էր գեներացվել, թե՞ ուկրաինական երեխաների ներքին օրգանների վաճառքից է առաջացել...»։
Այս հայտարարությունից առերևույթ տպավորություն էր ստեղծվում, թե ԿԲ նախագահն ունի տվյալներ՝ «ուկրաինացի երեխաների ներքին օրգանների վաճառքի» մասին, քանզի չէր խոսել մարդու օրգանների ընդհանրական վաճառքի մասին, այլ շեշտել էր՝ «ուկրաինացի երեխաների» եւ սա այն դեպքում, երբ միջազգային, հատկապես արեւմտյան լրահոսում տեղեկություններ են շրջանառվում Ռուսաստանի կողմից ուկրաինացի երեխաների դեմ բռնության, շահագործման մասին։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել Կենտրոնական բանկի նախագահին՝ հետաքրքրվելով թե արդյոք Գալստյանն ունի տվյալներ՝ «ուկրանիացի երեխաների ներքին օրգանների վաճառքի» մասին։ Եւ առհասարակ՝ ԱԺ բարձր ամբիոնից նման հայտարարություն հնչեցնելու համար ի՞նչ տվյալներ են որպես աղբյուր հիմք վերցվել։
Ի պատասխան մեր հարցման՝ ԿԲ-ից հայտնել են, որ ԿԲ նախագահը օրգանների վաճառքի դեպքերի մասին տեղեկություններ չունի։ «Ազգային Ժողովում սեպտեմբերի 9-ին կրիպտոարժույթների վերաբերյալ պատգամավորի հարցերին արձագանքելիս Կենտրոնական բանկի նախագահն ընդամենը թվարկել է հնարավոր հանցավոր գործունեության օրինակներ` ընդգծելու համար հանցավոր գործունեությունների ֆինանսավորման հարցում ֆինանսական կազմակերպություններին զերծ պահելու կարևորությունը»,- նշված է պատասխանում: