Դրական եզրակացություն տրվեց վարժական հավաքներից խուսափելու դեպքերի պատժիչ մեխանիզմների խստացմանը
Հասարակություն
11:05 26/09/2025
Հայաստան

Դրական եզրակացություն տրվեց վարժական հավաքներից խուսափելու դեպքերի պատժիչ մեխանիզմների խստացմանը

«Օրինագծով առաջարկվում է ՔՕ 462-րդ հոդվածում հստակեցնել վարժական հավաքներից խուսափման դրսևորման ձևերը և խստացնել մի շարք ոչ իրավաչափ գործողությունների զուգորդմամբ վարժական հավաքներից խուսափելու պատսխանատվությունը»,-ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ասաց Պաշտպանության նախարարի տեղեկալ Արման Սարգսյանը։

Օրինագծով առաջարկվում է Քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 462. Վարժական հավաքից խուսափելը

1. Հայտարարված վարժական հավաքին կանչված քաղաքացու կողմից վարժական հավաքից խուսափելը, որը դրսևորվել է վարժական հավաքին ներգրավվելու նպատակով իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտականության խախտման կամ օրենքով սահմանված առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն չանցնելու կամ վարժական հավաքին ներգրավվելուց հրաժարվելու կամ վարժական հավաքին ներգրավվելուց որևէ այլ եղանակով խուսափման ձևով՝ վարժական հավաքին կանչվելու ենթակա չլինելու՝ օրենքով սահմանված հիմքերի բացակայության դեպքում՝

պատժվում է տուգանքով՝ տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) իրեն մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով, կամ

2) փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե կամովին ներկայացել և ներգրավվել է վարժական հավաքին:»:

Արման Սարգսյանը, զեկուցելով «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, նշեց, որ առաջարկվում է Ռազմական ոստիկանությանն իրավասության շրջանակներում ներառել նորմ զինվորական կոմիսարիատներին, քաղաքացիների զինվորական հաշվառման, պարտադիր կամ զորահավաքային զորակոչի, պահեստազորային պատրաստության միջոցառումների կազմակերպման գործընթացում աջակցություն ցույց տալու մասին։

Նաև ՌՈ-ին իրավունք է վերապահվում ուղեկցել զինվորական ոլորտի դատաքննչական գերծընթացում գտնվող անձանց։

Օրենքների փաթեթը ԱԺ-ում ՔՊ-ն նախորդ նիստում առաջին ընթցմամբ արդեն ընդունել էր և հանձնաժողովը որոշում ընդունեց նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդգրկել ԱԺ առաջիկա նիստի օրակարգ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դրական եզրակացություն տրվեց վարժական հավաքներից խուսափելու դեպքերի պատժիչ մեխանիզմների խստացմանը