44-օրյա պատերшզմից 5 տարի անց. «Ձայներ, որոնք նման չէին ոչ մի իրականությանը․ ձայներ, որոնք խլեցին մեր առավոտը, մեր խաղաղությունը, մեր շունչը»
Օրվա թեմա
09:17 27/09/2025
Հայաստան

44-օրյա պատերшզմից 5 տարի անց. «Ձայներ, որոնք նման չէին ոչ մի իրականությանը․ ձայներ, որոնք խլեցին մեր առավոտը, մեր խաղաղությունը, մեր շունչը»

5 տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով՝ գործի դնելով իր սպառազինության մեջ առկա գրեթե բոլոր զինատեսակները՝ հրաձգային զենքերից մինչև ավիացիա։

Պատերազմը տևեց 44 օր... Հազարավոր զոհեր, վիրավորներ, հարյուրավոր անհետ կորածներ... 

«44 օր շարունակ անդադար ռմբակոծվում էր Արցախը․ ամեն օր հարյուրավոր տղաներ էին զոհվում ու վիրավորվում, իսկ հարյուրավորների ճակատագրերը դեռևս անհայտ են։ Աղետալի պատերազմ, որի հետքերն ամենուր են, արյունոտ պատերազմ, որի միջով անցած ժողովուրդն այսօր անտուն, անօթևան է․․․

Խունկ և խոնարհում զոհվածների հիշատակին, հավերժ փառք նրանց․․․»,- գրել է Արցախի «Բերդի» թերթը։ 

Արցախցի Նարինե Գաբրիելյանը գրել է. «Ես տեսել եմ Արցախի վերջին խաղաղ ու ամենից լուսավոր օրը։

Երկար հուզառատ խոսքեր չեմ գրելու․ մենք ունեինք աշխարհի ամենագեղեցիկ, հազարավոր երանգներով լի հայրենիք՝ Արցախը։

Նիկոլը եկավ ու բերեց մեզ այս ավերակները։

Այս խելագարված արցախցու կերպարը մեր հավաքական կյանքի ամենաարտահայտիչ պատկերն է։

Մեր կյանքը դարձել է փշրված ավերակ։

Հինգ տարի առաջ լիակատար երջանկությունից Նիկոլի հայակեր բանդան մեզ վերածեց փշրված ճակատագրերով ամբոխի»։ 

Նկարում ներկայացված տղամարդու մայրն ու երկու որդիներն էին փլատակների տակ են մնացել։ Նկարն արված է 2020 թվականի նոյեմբերի 6-ին։ Նկարի հեղինակն է արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը։ 

Աննա Մանգասարյանը գրել է.

«Կիրակնօրյա առավոտ էր… խաղաղ ու սովորական թվում էր ամեն ինչ։

Եվ հանկարծ՝ 07:10։

Ձայներ, որոնք նման չէին ոչ մի իրականությանը․ ձայներ, որոնք խլեցին մեր առավոտը, մեր խաղաղությունը, մեր շունչը։

Արթնացանք մարմնով, բայց հոգով մնացինք կիսաճանապարհին՝ կանգնած, կիսասառած։ Կյանքը կանգ առավ այդ պահին, ու այլևս երբեք չվերադարձավ նույնը։

Մենք կարծում էինք՝ արդեն տեսել ենք ամենից սարսափելին։ Բայց դեռ չէր եկել դժոխային 2023-ի սեպտեմբերը…

Հանգչեք խաղաղությամբ, տղերք…

Մնացածներին՝ տոկունություն ու ներքին խաղաղություն,

Որպեսզի ապրենք, հիշենք և չմոռանանք»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
44-օրյա պատերшզմից 5 տարի անց. «Ձայներ, որոնք նման չէին ոչ մի իրականությանը․ ձայներ, որոնք խլեցին մեր առավոտը, մեր խաղաղությունը, մեր շունչը»