Պաշտպանության ոլորտում ծախսերը բյուջեում ներկայացված են սուղ և առանց ռազմավարական բացատրության․ Դավիթ Անանյան
Տնտեսություն
19:16 29/09/2025
Հայաստան

Պաշտպանության ոլորտում ծախսերը բյուջեում ներկայացված են սուղ և առանց ռազմավարական բացատրության․ Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․

«ՀՀ կառավարության նախորդ նիստում հաստատվեց 2026թ․ պետական բյուջեի օրենսդրական փաթեթը։ Ստորև ցանկանում եմ ներկայացնել իմ դիտարկումներն ու տեսակետները ՀՀ 2026թ․ պետական բյուջեի ուղերձ–բացատրագրի վերաբերյալ։

Ընդհանուր գնահատականն այն է, որ կառավարության ներկայացրած բյուջեն իր բովանդակությամբ կարծես թե փորձում է համատեղել «հնարավորությունների և ռիսկերի հաշվեկշռի» գաղափարը։ Սակայն փաստաթղթում հաճախ գերակշռում են ձևական հավակնությունները՝ առանց բավարար հիմնավորման, թե ինչպես են դրանք վերածվելու իրական տնտեսական արդյունքի։ Կառավարությունը խոստանում է 5.4% տնտեսական աճ, սակայն հստակ մեխանիզմների բացակայությունը կասկածի տակ է դնում այդ թիրախի իրագործելիությունը։

Հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում կառավարությունը որդեգրել է «կոնսոլիդացիայի» օրակարգ՝ պակասուրդը կրճատելու և պարտքը մինչև 2030թ․ ՀՆԱ-ի մոտ 50%-ին հասցնելու նպատակով։ Սա անհրաժեշտ քայլ է, սակայն մտահոգիչ է, որ փաստաթղթում հակացիկլային բաղադրիչներ գրեթե բացակայում են։ Արտաքին շուկաների հնարավոր ցնցումների դեպքում Հայաստանը գործնականում զրկված կլինի ճկուն արձագանքելու հնարավորությունից։

Հարկային քաղաքականության տեսանկյունից հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 25-26%-ի հասցնելը, անշուշտ, ողջունելի է։ Սակայն հարկային քաղաքականությունը շարունակում է դիտվել հիմնականում որպես վարչարարության հարց։ Ներդրումային միջավայրի խորքային բարեփոխումների և տնտեսական կառուցվածքի փոփոխության մեխանիզմներ չեն առաջարկվում։ «Ստվերի դեմ պայքար»-ը մնում է քաղաքական լոզունգ, այլ ոչ՝ կոնկրետ գործիքակազմ։

Ծախսային քաղաքականության ոլորտում կապիտալ ծախսերի բարձր կշիռը (ՀՆԱ 5-6%) ճիշտ ուղղություն է։ Բայց կրկին առաջնահերթությունը դրված է ծավալի, այլ ոչ թե որակի վրա։ Ճանապարհաշինության կամ ենթակառուցվածքների ծրագրերի իրական ազդեցությունը տնտեսական շրջանառության և արտադրական հիմքի վերականգնման վրա չի գնահատվում։ Կա վտանգ, որ կունենանք մեծ թվեր բյուջեում, բայց ոչ համարժեք արդյունք տնտեսությունում։

Սոցիալ-տնտեսական առաջնահերթություններն են առողջապահական ապահովագրության ներդրումը, կրթական և սոցիալական ծրագրերի իրագործումը, որոնք, բնականաբար, կարևոր են։ Սակայն այստեղ ևս գերակշռում է «ծախսային» մոտեցումը։ Սոցիալական աջակցությունը գրեթե չի կապվում զբաղվածության խթանման և արտադրողականության բարձրացման ծրագրերի հետ։ Այս պայմաններում անգամ մեծ ծախսերը կարող են վերածվել խնդրի ժամանակավոր թեթևացման, այլ ոչ թե՝ երկարաժամկետ լուծման։

Պաշտպանության ոլորտում ծախսերը բյուջեում ներկայացված են սուղ և առանց ռազմավարական բացատրության։ Մինչդեռ Հայաստանի համար դրանք գոյության նախապայման են։ Լուրջ խնդիր են թափանցիկության պակասը, գնումների արդյունավետությունը և տնտեսական քաղաքականության հետ կապի բացակայությունը։

Եզրակացությունն այն է, որ ներկայացված բյուջեն բովանդակում է մի շարք դրական նպատակադրումներ, սակայն դրանցում գերիշխում է ավելի շատ «հաշվառման» մոտեցումը։ Եթե կառավարությունը չփոխի իր շեշտադրումները և չկենտրոնանա կառուցվածքային փոփոխությունների ու որակական արդյունքների վրա, ապա բյուջեն կդառնա հերթական «ծախսային փաստաթուղթ», այլ ոչ՝ զարգացման ռազմավարական ուղեցույց։

Ամփոփ ռեկոմենդացիաները, որ հանրային քննարկման ժամանակ կարող են ներկայացվել (այդ թվում՝ պառլամենտականների կողմից՝ բյուջետային քննարկումների ժամանակ), կարող են խմբավորվել հետևյալ կերպ: Մասնավորապես, անհրաժեշտ է՝

1. Հստակեցնել ոլորտային շարժիչները։ Բյուջեն պետք է ցույց տա՝ որ ճյուղերն են դառնալու տնտեսական աճի հիմնական աղբյուրները (ՏՏ, արդյունաբերություն, գյուղատնտեսություն) և ինչ գործիքներով են դրանք խթանվելու։

2. Ավելացնել հակացիկլային բաղադրիչ։ Պետք է մշակել ավտոմատ մեխանիզմներ, որոնք կգործարկվեն տնտեսական ցնցումների դեպքում՝ բարձրացնելով հարկաբյուջետային քաղաքականության ճկունությունը։

3. Նախանշել արդյունքներին միտված չափորոշիչներ։ Կապիտալ և սոցիալական ծրագրերը պետք է ունենան հստակ KPI-ներ (աշխատատեղերի թիվ, արտահանման աճ, արտադրողականության բարձրացում), այլ ոչ թե միայն ծախսերի հաշվետվություն։

4. Սոցիալական քաղաքականությունը կապել տնտեսականի հետ։ Բռնի տեղահանված և անապահով մեր հայրենակիցների աջակցությունը պետք է զուգորդվի զբաղվածության ու եկամտի ստեղծման ծրագրերով։ Այլապես պետությունը պարզապես կպահպանի կախվածությունը սոցիալական փոխանցումներից։

5. Կենտրոնանալ որակի վրա։ Ճանապարհները, դպրոցները կամ ջրամբարները պետք է դիտվեն ոչ թե որպես թվային ցուցանիշ, այլ որպես տնտեսական ակտիվության և զարգացման իրական գործիք։

6. Իրականում խթանել նորարարությունը։ «Ակադեմիական քաղաքը» և բարձր տեխնոլոգիաների պետական աջակցությունը պետք է վերածվեն գիտելիք–արտադրություն–բիզնես շղթայի։ Առանց այդ կապի ներդրումները չեն վերածվի մրցունակ արտադրանքի։

7. Պաշտպանության ոլորտում հստակեցնել ծրագրերը։ Զենքի արդիականացում, ԱՕՊ, անօդաչուներ, կիբերանվտանգություն։ Բարձրացնել գնումների թափանցիկությունն ու արդյունավետությունը։ Զարգացնել տեղական պաշտպանական արդյունաբերությունը՝ կապելով ՏՏ-ի հետ, և կենտրոնանալ երկարաժամկետ պաշտպանական ենթակառուցվածքների վրա։

Սրանք դեռ գաղափարախոսական ամփոփ դիտարկումներն են, թվային ու տեղեկատվական ոլորտային վերլուծությունները դեռ առջևում են»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պաշտպանության ոլորտում ծախսերը բյուջեում ներկայացված են սուղ և առանց ռազմավարական բացատրության․ Դավիթ Անանյան