Աջապահյանի առաջարկածը ոչ թե իշխանության զավթում է, այլ հայրենիքի փրկություն. Հրապարակախոս
Քաղաքական
15:56 29/09/2025
Հայաստան

Աջապահյանի առաջարկածը ոչ թե իշխանության զավթում է, այլ հայրենիքի փրկություն. Հրապարակախոս

Գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանն այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրի մոտ էր՝ իր աջակցությունը հայտնելու Միքայել Սրբազանին։

«Ինձ համար թանկ են բոլոր այն մարդիկ, որոնք ռեալ դիմադրություն են կարողանում կազմակերպել մեր երկրում տեղի ունեցող քանդումի ծրագրին։ Միքայել Սրբազանը կենտրոնական դեմքերից է, երևի դրա համար էլ այստեղ է հայտնվել»,-ասաց Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ դատավոր Ա. Մելիքսեթյանը մեղադրական վերդիկտ է կայացրել։ Ասօր նշանակված է լրացուցիչ դատալսում, որի ընթացքում դատարանը կողմերի հետ պետք է քննարկի մի շարք հարցեր, այդ թվում՝ ծանրացնող և մեղմացնող հանգամանքների, պատժի տեսակի և չափի վերաբերյալ։

Պետրոսյանը հիշեցրեվ՝ ինքն աթեիստ է, եկեղեցուն մոտ կանգնած մարդ չի եղել։

«Պարտությունից հետո իմ ակնկալիքները բանակից էին, ես ասում էի՝ մեզ Շարլ դը Գոլ է պետք։ Ցավոք, ակնկալիքներս չիրականացան։ Քաղաքական դաշտից էլ ունեի, մինչև հիմա էլ ունեմ, ցավոք, քաղաքական դաշտն էլ չի կարողանում ուժեղ դիմադրություն ցույց տալ։ Միակ կառույցը, որ դիմադրում է, եկեղեցին է։ Ես ուրախ եմ, որ սխալվել եմ։ Ես սկսեցի հետևել եկեղեցականների հարցազրույցներին, տեսա, որ մարդիկ պետականամետ դիրքորոշում ունեն»,-ասաց Պետրոսյանը։

Նա ընդգծեց, Փաշինյանը խոսում է պետության անունից, մինչդեռ քանդում է պետության հիմքերը։

«Հրաժարվել է Արցախից,  քանդում է երրորդ հանրապետությունը, հրաժարվում է ազգային պետությունից, այդ դեպքում մենք կունենանք լրիվ այլ Հայաստան՝ Թուրքիայի պրոտեկտորատ։ Եկեղեցին դիմադրեց դրան, դրա համար այստեղ եմ՝ աջակցելու եկեղեցուն։ Մեր նավի ղեկին հայտնվել է մեկը, որ սուզում է մեր պետության նավը։ Մենք պետք է բոլոր միջոցներով դա կանխենք։ Աջապահյանի առաջարկածը ոչ թե իշխանության զավթում է, այլ հայրենիքի փրկություն»,-ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աջապահյանի առաջարկածը ոչ թե իշխանության զավթում է, այլ հայրենիքի փրկություն. Հրապարակախոս