Ավշար համայնքի նախկին ղեկավարը համայնքին պատճառած 261 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վնասը վերականգնել է. Գլխավոր դատախազություն
Իրավունք
17:51 30/09/2025
Հայաստան

Ավշար համայնքի նախկին ղեկավարը համայնքին պատճառած 261 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վնասը վերականգնել է. Գլխավոր դատախազություն

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավար Ս.Գ.-ի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված՝ 78 միլիոն 259 հազար դրամ արժողությամբ 3 անշարժ գույքերը վերադարձվել են Արարատ համայնքին:

Այս մասին հայտնում են դատախազությունից ու մանրամասնում, որ դրանք են՝

  • Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 55,5 միլիոն դրամ արժեքով և ամսական 115 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված՝ 0.37602 հա մակերեսով հողատարածքը և 1211.74 քմ մակերեսով պահեստները.
  • Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 759 հազար դրամ արժեքով 0.0622 հա մակերեսով հողատարածքը.
  • Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 22 միլիոն դրամ արժեքով և ամսական 445 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված 0.966 հա մակերեսով հողատարածքը և 416.6 քմ մակերեսով նախկին կոլտնտեսության շենքը:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Ավշար համայնքից հափշտակված գույքերի օգտագործումից ստացված եկամուտը կազմել է 43 միլիոն 623 հազար դրամ, իսկ համայնքի ղեկավարի բնակելի տան և հարակից շինությունների ու դրանցով ծանրաբեռնված հողատարածքների ձեռքբերման, կառուցման և գրանցման գործընթացում համայնքին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 56 միլիոն 376 հազար դրամ:

Քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ հսկող դատախազը 2025 թվականի մայիսի 29-ին քրեական հետապնդումներ է հարուցել Ավշար համայնքի նախկին ղեկավար Ս.Գ.-ի նկատմամբ՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, պաշտոնական կեղծիք, փողերի լվացում և իշխանական դիրքի չարաշահմամբ վատնում կատարելու համար, իսկ համայնքի նախկին ղեկավարի վարորդ Պ.Մ.-ի նկատմամբ՝ Ս.Գ.-ի վերոնշյալ գործողություններին օժանդակելու համար:

Նախաքննության ընթացքում համայնքի նախկին ղեկավարն ամբողջությամբ վերականգնել է համայնքին պատճառած՝ շուրջ 261 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 100 միլիոն դրամ վնասը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ավշար համայնքի նախկին ղեկավարը համայնքին պատճառած 261 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վնասը վերականգնել է. Գլխավոր դատախազություն