Այսօր առաջարկում ենք խոսել խաղաղության և երջանկության մասին. Քննարկվել է «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգի նախագիծը
Մշակույթ
17:56 30/09/2025
Հայաստան

Այսօր առաջարկում ենք խոսել խաղաղության և երջանկության մասին. Քննարկվել է «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգի նախագիծը

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդի նիստում  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկայացրել է օրակարգի հարցը՝ «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգի նախագիծը։ Նա ընդգծել է, որ  նախագիծը հանդիսանում է հայեցակարգային փաստաթուղթ, որը կարող է հիմք հանդիսանալ այլ փաստաթղթերի մշակման և նոր ծրագրերի իրականացման համար:

«Նախագծում կա մի պարբերություն, որը թերևս բնորոշում է դրա ողջ էությունը, այն է. «Չկա արվեստի որևէ ձև, որին հակադիր լինի Իրական Հայաստանի գեղագիտությունը։ Այն պետք է լինի ներառական և ներկայացնի բոլոր ձևերը։ Իրական Հայաստանի գեղագիտությունը հակադիր չէ դասական բեմական արվեստին. այն հակադիր է պաթոսին և անբովանդակ, վերամբարձ ճոռոմաբանությանը։ Այն պետք է հաղթահարի մեր ամենամեծ խնդիրներից մեկը՝ ձևականությունը՝ գեղագիտությունը դարձնելով արվեստային և մշակութային ձևերի միջոցով ազնիվ խոսակցություն ճշմարտության մասին»։ Այսինքն՝ այս փաստաթղթով ոչ թե սահմանափակվում, այլ բացվում են մշակութային սահմանները և ազատականացվում․ տաբուացված ոչ մի թեմա ոչ մի ժանրում պիտի չունենանք։ Սրանով կարևոր ուղերձ ենք հղում մեր երիտասարդությանը և հանրությանը, արվեստագետներին, մտավորականներին առ այն, որ աշխատեք, ստեղծեք, նախաձեռնեք, և ամեն ինչ Հայաստանում հնարավոր կդառնա»,-նշել է Դանիել Դանիելյանը։

Նրա խոսքով, մեր երկրի գեղագիտությունը հազարամյակներ շարունակ պատերազմական և տագնապային վիճակում գտնվող ժողովրդի գեղագիտություն է, որը տեսանելի է արվեստի բոլոր ճյուղերում՝ երգ, թատրոն, կինո, գրականություն և այլն։

«Վերոնշյալով պայմանավորված՝ ունեցել ենք երկու տեսակի գեղագիտություն․ բեմական՝ հասարակական խոսքի իմաստով, որը թելադրված, ուղղորդված քաղաքականություն է եղել պրոպագանդայի տեսակետից և կենցաղային, այսինքն՝ բեմից դուրս տեղի ունեցող գործընթացներ, որոնք ժողովրդին ամենից շատ են հուզել: Երբեմն էլիտար և բեմականացված մտածելակերպի պատճառով քարկոծվել է կենցաղային արվեստը, քանի որ հակադրվել են տարբեր երևույթներ»,- նշել է Դանիել Դանիելյանը՝ ասելով, որ որևէ գեղագիտություն պարտադրված չի կարող լինել, հետևաբար առաջարկվող նախագիծն ընդամենը հայեցակարգ է, որը հանրության քննարկմանն է ներկայացվել:

«Երբ խոսում ենք պատերազմի ու պայքարի մասին, բնականաբար առանցքում ողբերգության, մահվան և այլ դաժան թեմաներն են, որոնց կարելի է անդրադառնալ պատմության համատեքստում և տարբեր ֆորմատներով։ Սրանով ամենևին փորձ չի արվում մոռացության մատնել անցյալը․ այսօր առաջարկում ենք խոսել խաղաղության և երջանկության մասին, այն թեմաների, որոնք առավելապես տեղ չեն գտել մեր երգացանկերում և խաղացանկերում: Ինքներս մեզ ճանաչելու և բացահայտելու կարիք ունենք, որի հիման վրա էլ պետք է կառուցենք մեր այսօրվա և վաղվա գեղագիտությունը»,-ասել է նախարարի տեղակալը:

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այսօր առաջարկում ենք խոսել խաղաղության և երջանկության մասին. Քննարկվել է «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգի նախագիծը