Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավորները հայցադիմում են ներկայացրել ընդդեմ Արթուր Հովհաննիսյանի՝ որպես զրպարտչի
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ազգային ժողովում սկանդալային խոսքերի ու փոխադարձ մեղադրանքների շղթան տեղափոխվել է դատարան։ Ընդդիմադիր պատգամավորներ Թագուհի Թովմասյանը և Աննա Գրիգորյանը հայցադիմում են ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ որպես զրպարտչի։
Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում Թովմասյանը պահանջում է Արթուր Հովհաննիսյանից հրապարակային ներողություն, զրպարտության հերքում և 9 միլիոն դրամի ոչ նյութական վնասի փոխհատուցում. դատավորը Աննա Շիլաջյանն է:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում Արթուր Հովհաննիսյանը կոպիտ ու վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել ընդդիմադիր գործընկերոջ հասցեին։ Իշխող խմբակցության պատգամավորի խոսքերը ոչ միայն քաղաքական դաշտում, այլև հանրային լայն շրջանակներում դժգոհություն առաջացրին, և բոլորը, բացի ՔՊ-ից, միաբերան դատապարտեցին Արթուր Հովհաննիսյանին։
Պատգամավորը դատարանից պահանջում է պարտավորեցնել Հովհաննիսյանին հրապարակային ներողություն խնդրել վիրավորական խոսքերի համար և հերքել, որ Թովմասյանը Հյուսիսային պողոտայում 4 բնակարան չունի, ՔՊ քարտուղարը ստել է։
Արթուր Հովհաննիսյանի դեմ այս տարվա հունիսին դատարան էր դիմել նաև ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նա էլ պահանջում է հերքել Հովհաննիսյանի՝ մայիսի 12-ի ելույթի ժամանակ արված արտահայտությունը թե՝ «կնայեք Աննա Գրիգորյանի աչքերի մեջ, կտեսնեք ՀԷԿ-երը»։ Գրիգորյանը, հերքումից զատ, պահանջում է նաև 3 մլն դրամ փոխհատուցում, քանի որ երբեք ՀԷԿ չի ունեցել և Արթուր Հովհաննիսյանը զրպարտել է իրեն։
Հիշեցնենք, որ Արթուր Հովհաննիսյանը դատարանի վճռով առաջին անգամ չէ, որ զրպարտիչ է ճանաչվում. «Թիվ 5» լրատվամիջոց, «Ժողովուրդ» օրաթերթ և էլի հայցվորներ ընդդեմ Արթուր Հովհաննիսյանի հաղթել են դատարաններում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում