Կառավարությունը փորձում է 2 % սուբսիդավորվող տոկոսադրույքով շարունակել ջերմատների աջակցման ծրագիրը
Տնտեսություն
14:41 02/10/2025
Հայաստան

Կառավարությունը փորձում է 2 % սուբսիդավորվող տոկոսադրույքով շարունակել ջերմատների աջակցման ծրագիրը

«Նախագծով առաջարկվում է ջերմատնային ոլորտի զարգացմանն աջակցելու ծրագիրը դադարեցնելու փոխարեն շարունակել նոր պայմանով, այն է՝ 2 % սուբսիդավորվող տոկոսադրույքի նվազեցում»,-կառավարության նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նա հիշեցրեց, որ 2023-ի հուլիսին Կառավարությունը հաստատել էր ջերմատնային տնտեսությունների զարգացմանն աջակցության ծրագիրը՝ որպես արդյունքային ցուցանիշ սահմանել 35 հեկտար նորագույն տեխնոլոգիաներով ջերմատնային տնտեսությունների հիմնումը:

Նա վստահեցրեց, որ այսօրվա դրությամբ արդեն իսկ կա 60 հեկտարի հայտ, որից 15 հեկտարը մինչև տարեվերջ ամբողջովին ավարտված կլինի, իսկ 45 հեկտարի աշխատանքներն ընթացքի մեջ են:

Պապոյանի խոսքով՝  ծրագրի նոր պայմաններն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունվարի 1-ից, որի շրջանակում կսուբսիդավորվի տրամադրվող վարկի մինչև 3 մլրդ դրամ գումարի մասնաբաժինը՝ 8 տոկոսային կետով, տրամադրվող վարկի 3-9 մլրդ դրամի գումարի մասնաբաժինը՝ 7 տոկոսային կետով, տրամադրվող վարկի 9 մլրդ դրամից ավելի՝ մինչև 15 մրլդ դրամ գումարի մասնաբաժինը՝ 6 տոկոսային կետով:

«Այսօր Հայաստանում կա 1500 հեկտար ջերմոց և ջերմատուն, որից ժամանակակից տեխնոլոգիաներով են ավելի քան 300 հեկտարը: Ջերմոցների և ջերմատների հիմնական մասը՝ 1000 հեկտարը, Արմավիրի մարզում է, 272-ը՝ Արարատի մարզում, 145-ը՝ Կոտայքի մարզում»,-հայտարարեց Պապոյանը:

Ըստ նրա ներկայացրած արտահանման տվյալների, արտահանվող բանջարեղենի գրեթե 100 %-ը ջերմոցների և ջերմատների արտադրանք է:

Սեպտեմբերի 29-ի դրությամբ այս տարի արտահանել ենք 121 հազար 800 տոննա պտուղ-բանջարեղեն: Նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում 108 հազար 600 տոննա ենք արտահանել, այսինքն՝ այս տարի արտահանել ենք 13,6 հազար տոննա կամ 12 %ով շատ: Մասնավորապես՝ 1000 տոննա լոլիկ ենք ավելի արտահանել անցած տարվա համեմատ, 8 % է աճը: 4,5 հազար տոննայով ավելի պղպեղ ենք արտահանել, 59 % է աճը: Սմբուկը 800 տոննայով ենք ավելի արտահանել, 80 % է աճը»,-ասաց նա:

Պապոյանը հայտարարեց, որ ծաղիկը 3,1 մլն հատով ավելի է արտահանվել, աճը՝ 5,3 %, իսկ 800 տոննայով արտահանման դեպքում աճը եղել է 160 %:

Նախարարը ներկայացրեց նաև մրգերի առումով արտահանումը: Ըստ այդմ՝ ծիրանը անցած տարվա համեմատ 11 հազար տոննայով ավելի է արտահանվել կամ 33 %ով ավելի, սալորը մոտ 2000 տոննայով ավելի է արտահանվել կամ 32 %ով ավելի, դեղձը 5,1 հազար տոննայով է ավելի արտահանվել, աճը՝ 86 %, կեռասը 2000 տոննայով ավելի է արտահանվել, աճը՝ 87 %:

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կառավարությունը փորձում է 2 % սուբսիդավորվող տոկոսադրույքով շարունակել ջերմատների աջակցման ծրագիրը