Ո՞ր հանրայինն է ՔՊ-ն ուզում փակել՝ «Առաջին ալիքը, «Շողակաթը» թե «Լուրերը»
Քաղաքական
21:06 02/10/2025
Հայաստան

Ո՞ր հանրայինն է ՔՊ-ն ուզում փակել՝ «Առաջին ալիքը, «Շողակաթը» թե «Լուրերը»

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանն առաջարկում են փոփոխություն կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում։

ՔՊ-ական պատգամավորներն առաջարկում են կրճատել հանրային կարգավիճակ ունեցողներ հեռուստաալիքների թիվը՝ 3-ից դարձնելով 2-ը։ Նշենք, որ հանրային երեք ալիքներն են՝ «Առաջին ալիքը», որպես հիմնական հեռարձակող, հոգևոր-մշակութային «Շողակաթ» ալիքը և «Լուրեր» լրատվական ալիքը։ Լուրը հայտնում է news.am-ը;

«Ընթացիկ իրավիճակի գնահատումը ցույց է տալիս, որ գործող իրավակարգավորումը սահմանված պահանջներին բավարարող հանրային հեռարձակողների անհրաժեշտ թվի պահպանումը պատճառում է որակական խնդիրներ, մասնավորապես՝ ռեսուրսների դժվարին բաշխվածություն երեք հանրային հեռարձակողի միջև, կրկնվող բովանդակության առաջացում տարբեր հեռարձակողների ծրագրերում, կրթական-մշակութային ծրագրի համեմատաբար ցածր դիտարկվածություն և հասանելիություն, ինչպես նաև կառավարման ծանրություն և գործառնական անարդյունավետություն»,- ասվում է նախագծում։

Կառավարությունը հավանություն է տվել նախագծին։ Թե որ հանրային հեռարձակողին են ցանկանում եթերազրկել, ՔՊ-ականներն իրենց նախագծում հստակ չեն նշել։ Սակայն ամենայն հավանականությամբ, խոսքը «Շողակաթի» մասին է, որը փակելու մասին ՔՊ–ականները երկար ժամանակ է՝ խոսում են։ Պետք է չմոռանալ նաեւ, որ Փաշինյանը ներկայումս ակտիվ հակաեկեղեցական արշավ է սկսել»,-ասվում է լուրում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ո՞ր հանրայինն է ՔՊ-ն ուզում փակել՝ «Առաջին ալիքը, «Շողակաթը» թե «Լուրերը»