Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բավականին այրված էր, վերջույթները նույնիսկ չկային, մոխրացած էին. Ազատի զինվորական կացարանի հրդեհի դեպքով վկա
«Վառարանի սենյակում դի նկատել եմ։ Առաջինը հայտնաբերել եմ վառարանի կողքի տուժածին, եղել է վառարանի ու զինանոցի պատի մեջտեղի հատվածում»,- Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստին ասաց վկա հրշեջ-փրկարար Լևոն Հովհաննիսյանը։
Նա նիստին ներկա ծնողներից ներողություն խնդրեց, որ մանրամասն է նկարագրում. «Բավականին այրված էր, վերջույթները նույնիսկ չկային, մոխրացած էին։ Ինչքան հիշում եմ՝ կողքի էր ընկած։ Դեմքը դեպի վառարանի կողմ էր։ Լավ չեմ հիշում, իմ հիշելով այդպես էր»։
Վկան պատմեց, որ երբ եկել են դեպքի վայր, չի կարողացել դուռը բացել, խոչընդոտներ կային, մյուս կողմից է մտել։ «Դոշակներ կային, էլեկտրական տաքացուցիչներ կային, միգուցե դրանք էին խանգարում, որ չէր բացվում դուռը։ Այդ հատվածը ծխապատ էր»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ 2023-ին հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ: