Կամավոր ատեստավորման այս տարվա դիմումները գերազանցում են 8400-ը. Ժաննա Անդրեասյան
Կրթություն, գիտություն
15:59 04/10/2025
Հայաստան

Կամավոր ատեստավորման այս տարվա դիմումները գերազանցում են 8400-ը. Ժաննա Անդրեասյան

«Մենք նախատեսում ենք աշխատանքներ «Ուսուցչի կարգավիճակի մասին» օրենքի շուրջ: Փաստաթուղթը պետք է սահմանի այն բոլոր սոցիալական երաշխիքները, որոնք պետք է պաշտպանեն ուսուցչին և խթան հանդիսանան համակարգ մուտք գործող նոր ուսուցիչների համար: Հուսով եմ՝ մենք նաև միասին առիթ կունենանք «Ուսուցչի կարգավիճակի մասին» օրենքի շուրջ մտքեր և գաղափարներ փոխանակելու և այն միասին շատ մանրամասն քննարկելու»,- Ուսուցչի միջազգային օրվա նախօրեին Երևանի պետական համալսարանում կայացած «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» ուսուցչական համաժողովին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ :

Ընդգծելով ՀՀ կառավարության առաջնահերթությունը՝ ուղղված ուսուցիչների համալիր քաղաքականությանը, նախարարը նշել է, որ 2018 թվականին ուսուցչի վարձատրության ֆոնդին ուղղվում էր շուրջ 55 միլիարդ դրամ։ Այս տարիների ընթացքում վարձատրության ֆոնդն ավելացել է ավելի քան 37 միլիարդ դրամով՝ 67%-ով՝ տարբեր գործիքակազմերի ներդրմամբ: Ըստ նախարարի՝ կամավոր ատեստավորման այս տարվա դիմումները գերազանցում են 8400-ը։

«Եթե հաշվի առնենք, որ այս տարիների ընթացքում համակարգի շահառու են դարձել և հավելավճարի ու դրույքաչափի բարձրացում ունեն ավելի քան 6300 ուսուցիչներ, առանց չափազանցության կարող ենք ասել, որ մեր ուսուցիչների շուրջ կեսը արդեն կամ համակարգի շահառու է կամ դիմել է, որպեսզի դառնա շահառու»,- ասել է նա։

Ուսուցչի միջազգային օրը նշվում է 1994 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ: Հիմքում 1966 թվականի հոկտեմբերի 5-ն է. այդ օրը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից ընդունվել է ուսուցչի կարգավիճակն ու աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթը:

 

 

 

 

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կամավոր ատեստավորման այս տարվա դիմումները գերազանցում են 8400-ը. Ժաննա Անդրեասյան