Այդ ո՞ր գործիքակազմը պետք է Նիկոլ Փաշինյանին կանգնեցնի ընտրակեղծիքներից․ Հակոբ Հակոբյան
Քաղաքական
14:11 04/10/2025
Հայաստան

Այդ ո՞ր գործիքակազմը պետք է Նիկոլ Փաշինյանին կանգնեցնի ընտրակեղծիքներից․ Հակոբ Հակոբյան

«Նիկոլ Փաշինյանի վարած քաղականությունից և գործունեությունից զարմանալի որևէ բան չենք տեսնում։ Միամտություն է մտածել, որ  Սրաբազանի նկատմամբ այլ դատավճիռ կարող էր կայացվել»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը՝ անդրադառնալով երեկ Միքայել Սրբազանին երկու տարով ազատազրկելու որոշմանը։

«Մարդ, որը հանձնել է Արցախը,իր  վարած քաղաքականության մեջ որևէ տեսակի կարմիր գծեր չունի, 18 պայքարի մարտիկների՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, առանց որևէ պատճառի կարողանում է ավելի քան չորս ամիս կալանավորված պահել, այդ թվում կին ակտիվիստի, այդպիսի մարդուց սպասել, որ մեկ այլ Սրբազանի նկատմամբ այլ որոշում կկայացնի, ուղղակի միամտություն է»,- շարունակեց մեր զրուցակիցը։

Հակոբյանի խոսքով՝ տեղի ունեցողը պետք է ազդակ լինի ընդդիմադիր գործիչներին առ այն, որ օր առաջ պետք է ազատվել օրվա իշխանություններից։

«Ունենալ ակնկալիք, թե կարող է դատական համակարգը զարմացնել արդարադատությամբ, իրավական համակարգը՝ իրավական գործընթացներով, ուղղակի հնարավոր չէ։ Ուստի հասկանալի էր, որ բոլոր դատավճիռները լինելու են կողմանակալ, քաղաքական ենթատեքստով, որպեսզի բոլորին կարողանան  «մաքրել» դաշտից»,- ասաց քաղաքական գործիչը։

Նրա դիտարկմամբ, թեև ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին գահընկեց անելու համար փորձել է  գործողություններ անել, սակայն դրանք բավարար չեն, պետք է շարունակել պայքարն՝ օգտագործելով բոլոր միջոցները։

«Արդեն երեք ամիս  շրջանառվում է՝ գնալ իմպիչմենտի ճանապարհով, թե՝ ոչ։ Այս խոսույթը ճիշտ չէ, քանի որ ցանկացած գործողություն՝ լինի իմպիչմենտի, թե փողոցային պայքարի կամ որևէ այլ սահմանադրական միջոց գործող իշխանություններին հեռացնելու համար պետք է օգտագործվի՝ անկախ արդյունքից։ 2020թ-ից սկսած տարբեր գործիքակազմեր օգտագործվել է , այդ ժամանակ նույնիսկ չի դրվել հարցը,թե կունենա արդյունք, թե՝ ոչ։ Կարծում եմ, որ վերջին գործիքակազմերից մեկն էլ մնացել է իմպիչմենտը, այս ուղղությամբ պետք է աշխատել ու այս իշխանություններին կանգնեցնել։ Հույս ունենալ, որ նման վարքագիծ դրսևորող իշխանությունը ընտրությունների ժամանակ կլինի արդար և ժողովրդավար, գրեթե հավասար է զրոյի»։

Հակոբ Հակոբյանն  այս պահին բարձ է գնահատում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվելու հնարավորությունը։

«Փաշինյանը կարողանում  է ոչ դրական պրոցեսները ներկայացնել հաղթանակի և դրական քողի ներքո, ամեն ինչ կանի, որպեսզի ընտրություններին կրկին վերարտադրվի»,- ասաց նա։

Մեր դիտարկմանը, թե արդյո՞ք օրվա իշխանությունները կդիմեն ընտրակեղծիքների, Հակոբյանն արձագանքեց․ «Իսկ ի՞նչն է խանգարում Նիկոլ Փաշինյանին դիմել կեղծիքներին։ Այն գործիքակազմը, որը պետք է իրեն խանգարի, ինչո՞ւ չխանգարեց Արցախը հանձնելուն, դելիմիտացիայի գործընթացին, պարտվողական քաղաքականություն վարելուն, քաղաքական ակտիվիստներին անհիմն ձերբակալելուն։ Այդ ո՞ր գործիքակազմը պետք է Նիկոլ Փաշինյանին կանգնեցնի ընտրակեղծիքներից։ Այս յոթ տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի թիմը փորձում է համոզել հանրությանը, թե ամեն ինչի ունակ են, բայց դիմել ընտրակեղծիքներին՝ ոչ, ինչն ուղղակի հանրությանը մանիպուլացնելու և կեղծ փաթեթավորմամբ ներկայացնելու ձև է»։

Ինչ վերաբերում է Սյունիքով անցնող  ճանապարհի հետագա ճակատագրին, որի մասին վերջերս խոսում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը, ապա Հակոբյանն այն համոզմանն է, որ այդ գործընթացն այլևս կախված չէ Հայաստանից։

«Ինչ ճակատագիր էլ Սյունիքին սպասվի, ցավոք, Հայաստանի իշխանություններն այլևս դերակատարություն չունեն այդ հարցում։ Թերևս միակ դերակատարությունն այն է, որ ցանկացած զարգացում ներկայացնեն որպես հաղթանակ։ Վաղուց  արդեն Հայաստանի սուվերեն տարածքով անցնող ճանապարհ, միջանցք, թե մեկ այլ անունով կոչենք, ամեն դեպքում դրա «բախտն» այլև կախված չէ Հայաստանի հանրապետության իշխանությունների կամքից և ցանկությունից։ Մնում է սպասել, թե ինչ զարգացումներ տեղի կունենան Հայաստանից դուրս»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այդ ո՞ր գործիքակազմը պետք է Նիկոլ Փաշինյանին կանգնեցնի ընտրակեղծիքներից․ Հակոբ Հակոբյան