Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության լոկոմոտիվն է. Գագիկ Սահակյան
Տնտեսություն
18:48 06/10/2025
Հայաստան

Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության լոկոմոտիվն է. Գագիկ Սահակյան

Հոկտեմբերի 3–ին և 4-ին Ծաղկաձորում կայացել է Հայաստանի Հանքարդյունաբերական երկրորդ միջազգային ֆորումը, որի նպատակն էր հնարավորություն ընձեռել տեղական և միջազգային մասնագետներին, պետական մարմինների ներկայացուցիչներին, ներդրողներին և փորձագետներին համախմբվել մեկ հարթակում ու քննարկել հանքարդյունաբերության զարգացման հեռանկարները, ներդրումային միջավայրը և կայուն զարգացման գլոբալ միտումները։

Այս տարի համաժողովն անցկացվում է «Հանքարդյունաբերություն և էներգիա․ միջազգային միտումները և Հայաստանի ներուժը» խորագրի ներքո։  Ֆորումի գլխավոր հովանավորներն էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Լիդիան Արմենիա ընկերությունը, ֆորումի հովանավորն էր Ամերիաբանկը:

«Հանքարդյունաբերական ոլորտը Հայաստանի տնտեսության համար ավանդաբար եղել է առանցքային ոլորտներից մեկը: Վերջին 10 տարիներին լինելով Հայաստանի խոշորագույն վարկատուն` Ամերիաբանկը հանքարդյունաբերությունը դիտարկել է որպես ֆինանսավորման առաջնահերթ ուղղություն:  Այս պահին հանքարդյունաբերական ընկերություններին տրամադրել ենք շուրջ 350 մլն դոլարի վարկ, և հանքարդյունաբերական ծրագրերի դրական զարգացումների դեպքում պլանավորում ենք այն հասցնել մինչև մոտ կես միլիարդ դոլարի»,- նշեց Ամերիաբանկի Կորպորատիվ բանկինգի տնօրեն Գագիկ Սահակյանը:

Ամերիաբանկի կորպորատիվ վաճառքների ու հարաբերությունների կառավարման բաժնի ղեկավար Էդուարդ Առաքելյանն էլ ընդգծել է այս ոլորտում բնապահպանական ու սոցիալական հարցերն ուշադրության կենտրոնում պահելու կարևորությունը: Նրա խոսքով` դա պայմանավորված է նաև միջազգային ֆինանսական կառույցների կողմից ֆինանսավորման համար դրված խիստ պարտավորություններով․ «Ամերիաբանկում այդ վերահսկողության մեխանիզմները դրված են շատ ամուր հիմքերի վրա ու առավելագույնս վերահսկվում են: Դա վերաբերում է ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտին»:

«Ոչ մի այլ ոլորտ չի առաջարկում նույնչափ մեծ հնարավորություններ, որքան հանքարդյունաբերությունը։ Պատասխանատու կառավարման արդյունքում այն կարող է դառնալ աճի և սոցիալական զարգացման հզոր շարժիչ ուժ՝ Հայաստանը վերածելով ծաղկող տնտեսության։ Մեզ անհրաժեշտ է արդյունաբերություն, որը ոչ միայն տնտեսապես կենսունակ է, այլ նաև ժամանակակից, անվտանգ, պատասխանատու և ներառական»,- նշել է Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, ֆորումի գլխավոր հովանավոր ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը:

Երկօրյա ֆորումի միջազգային խոսնակներն ու ոլորտի հեղինակավոր փորձագետները  ներկայացնում էին շուրջ 8 երկիր: Հոկտեմբերի 3-ին ֆորումի բացմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան։

Միջոցառմանը մասնակցել են միջազգային և տեղական ավելի քան քառասուն բանախոսներ, ՀՀ կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի անդամ կազմակերպությունների ղեկավարներ։

 

 

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության լոկոմոտիվն է. Գագիկ Սահակյան