Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՕՖ. Անհրաժեշտ է ծրագրեր իրականացնել ոչ միայն մարդասիրական, այլև զարգացման ուղղությամբ
Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) տնօրենների խորհուրդը հոկտեմբերի 4-ին հրավիրած ասուլիսով ամփոփել է այցը Հայաստան։ Այցը մեկնարկել էր սեպտեմբերի 30-ին և ներառել մի շարք ծրագրային վայրեր տարբեր մարզերում։
ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ Ռենդի Սապահ-Գուլյանը նշել է, որ այցի նպատակն էր տեղում տեսնել և գնահատել կազմակերպության վերջին տարիների գործունեությունն ու արձանագրված արդյունքները՝ կրթությունից մինչև համայնքային և տնտեսական զարգացում։
«Մեր ծրագրերն իրականացվում են Հայաստանի բոլոր մարզերում։ Նախ մենք գույքագրում ենք կարիքները, այնուհետև ձևավորում ծրագրային փաթեթներ, որոնց նպատակը ինքնագիտակցությամբ, նպատակասլացությամբ և նախաձեռնողականությամբ օժտված սերունդ ձևավորելն է», - ասել է Ռենդի Սապահ-Գուլյանը՝ շեշտելով՝ 1993-ին չէին պատկերացնում, որ մարդասիրական աջակցության կարիքը երկարատև կլինի, սակայն 2004-2005 թվականներին հասկացան, որ անհրաժեշտ է ծրագրեր իրականացնել ոչ միայն մարդասիրական, այլև զարգացման ուղղությամբ՝ մարդկանց ոգին, հմտությունները և ինքնուրույն կարողությունները ամրապնդելու համար։ «Այդ գաղափարն էլ այսօր մեր գործունեության հիմքում է։ Չկա ավելի հաճելի բան, քան ամեն այցի ժամանակ տեսնել այդ զարգացումը և հասկանալ, որ դու ունես քո փոքր ներդրումը, փոքր մասնաբաժինը քո պատմական հայրենիքը զարգացնելու գործում»։
Տնօրենների խորհրդի պարբերական այցերն ու նիստերի գումարումը Հայաստանում խորհրդանշական բնույթ ունեն՝ ամրապնդելու կապը հայրենիքի հետ և ընդգծելու ՀՕՖ-ի առաքելության շարունակականությունը։