Կադաստրը դատական նիստերին չի ներկայանում, չի տրամադրում գործին վերաբերող փաստաթղթեր. Գրողների միության շահերի ներկայացուցիչ
Իրավունք
10:30 08/10/2025
Հայաստան

Կադաստրը դատական նիստերին չի ներկայանում, չի տրամադրում գործին վերաբերող փաստաթղթեր. Գրողների միության շահերի ներկայացուցիչ

Վարչական դատարանում կայացել է Հայաստանի գրողների միության անշարժ գույքի վերաբերյալ ՀՀ դատախազության՝ ՀՀ կադաստրի կոմիտեին ներկայացված հայցի հերթական դատը, ուր վիճարկվում է ՀԳՄ անշարժ գույքերի սեփականության իրավունքը: Դատական նիստը տեղի էր ունեցել առանց ՀՀ կադաստրի կոմիտեի մասնակցության: Նիստը վերաբերում էր ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տան սեփականության իրավունքին:

Նիստի ընթացքում ՀԳՄ-ի շահերը պաշտպանող փաստաբանական խումբը՝ Լևոն Բաղդասարյանի գլխավորությամբ, տեղեկացրել է, որ պատկան մարմիններին դիմել են փաստաթղթեր տրամադրելու, սակայն չեն տրամադրվել ՀԳՄ սեփականության իրավունքին վերաբերող կարևոր փաստաթղթեր: Հարցը քննարկվել և որոշվել է հետաձգել նիստը: Հաջորդ դատական նիստը կկայանա 2026թ. հունվարի 29-ին:

Panorama.am-ի հետ զրույցում  Լևոն Բաղդասարյանը մանրամասնեց, որ պահանջված փաստաթղթերը ապացուցողական նշանակություն ունեցող փաստաթղթեր են ելքի ճիշտ գնահատումը տալու հետ կապված։

«Ցավոք  սրտի, պետական լիազոր մարմինը, ի դեմս Կադաստրի, թերի էր ներկայացրել։ Այսինքն, դատարանը որոշում է կայացնում, որ պետք է ներկայացվեն կոնկրետ այդ գործերը, բայց կադաստրային գործում որոշ փաստաթղթեր  բացակայում էին։

Փաստաբանական թիմը դատարանի ուշադրությունը հրավիրեց այդ փաստի վրա։ Այդ հիմքով դատական նիստը հետաձգվեց»,- ասաց փաստաբանը։

Իսկ թե ինչո՞ւ է Կադաստրը թերի ներկայացում փաստաթղթերը՝ փաստաբանն ասաց. «Ենթադրությունները բազմաթիվ կարող են լինել։ Կադաստրն այս գործով լինելով պատասխանող՝ ընդհանրապես դատական նիստին չի ներկայանում։ Բայց որպես շահագրգիռ անձ, պետք է գար։ Մյուս կողմը՝ հայցվորը, այլ պետական մարմին է՝ դատախազությունն է։

Կարող եմ ենթադրել, կան փաստաթղթեր, որտեղ դատարանը գնահատական էր տալու հայցի իրավաչափության հետ կապված, դրա համար չեն գալիս։

Հակված ենք օբյեկտիվ քննության գնա, իսկ դրա համար անհրաժեշտ են փաստաթղթեր։ 40-50 տարվա վաղեմության գործ են բարձրացրել, դա նշանակում է պետք է լինեն արխիվային նյութեր, կադաստրային գործեր»։ 

Ինչ վերաբերում է  Երևանում  գտնվող  Հայաստանի Գրողների միության շենքին վերաբերող գործին, Լ. Բաղդասարյանն ասաց, որ վարչական դատարանը մերժել է դատախազության հայցը՝ գտնելով, որ ժամկետները բաց են թողնված։ Գործն այժմ վճռաբեկ  դատարանում է։

Հիշեցնենք, որ 2024 թվականից իշխանությունը, ի դեմս գլխավոր դատախազության, նախաձեռնել է «Հայաստանի գրողների միության» և «Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու գործընթաց, քանի որ «ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է իրավական ակտերի պահանջների խախտմամբ»։

Ստեղծագործական  միությունները դիմել են դատարան՝ վիճարկելու դատախազության որոշումը։
ՀՀ գլխավոր դատախազությունն էլ դիմել է Վարչական դատարան Հայաստանի գրողների ու նկարիչների միությունների շենքերի սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու պահանջով։ Դատախազությունը պնդում է, որ 1990-ականներին Աբովյան 16 ու Բաղրամյան 3 հասցեներում գտնվող շենքերն ապօրինաբար են սեփականաշնորհվել ու տրամադրվել միությունները ներկայացնող հասարակական կազմակերպություններին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կադաստրը դատական նիստերին չի ներկայանում, չի տրամադրում գործին վերաբերող փաստաթղթեր. Գրողների միության շահերի ներկայացուցիչ