Ուզում են նոր հուշարձան կառուցել, թող գնան, այլ տեղում կառուցեն, բայց Եղեռնի հուշարձանը թողեք հանգիստ. Անահիտ Թարխանյան
Հասարակություն
17:03 09/10/2025
Հայաստան

Ուզում են նոր հուշարձան կառուցել, թող գնան, այլ տեղում կառուցեն, բայց Եղեռնի հուշարձանը թողեք հանգիստ. Անահիտ Թարխանյան

«Եղեռնի հուշահամալիրում  ընթացող մեծածավալ աշխատանքները սկսվել են ընդամենը մի քանի աղակալած քարի պատճառով»,- ասուլիսում ասաց «Արթուր Թարխանյան կենտրոն» ՀԿ նախագահ,  ճարտարապետ, ժողովրդական ճարտարապետ Արթուր Թարխանյանի հեղինակային իրավունքի ժառանգ Անահիտ Թարխանյանը։

Նրա ներկայացմամբ, աղակալման պատճառն այն է, որ ուղղահայաց և հորիզոնական պատերն իրար են միանում, այնտեղ կուտակվում են ջրեր, անձրևաջրեր, ընթացքում ներթափանցում քարի մեջ, առաջացնում են խնդիրներ։  Ա. Թարխանյանն ընդգծեց, որ այդ խնդիրն ընդամենը մի քանի ամսում ժամանակակակից շինարարական մեթոդաբանությամբ, շատ պարզ ձևերով կարելի է լուծել։

«Պետք էր մաքրել աղը, լվացնել, չորացնել։ Կան հիդրոֆոբ նյութեր, որոնք ավելի էժան են, անգույն են, ու դրա օգնությամբ վերականգնել քարերը։

Իսկ իրենք ծախսել են հինգ անգամ ավելի շատ գումար, քան կարելի էր ծախսել  այս մեթոդը կիրառելու դեպքում»,- ասաց նա։

Ա.Թարխանյանն ընդգծեց, որ այսօր կարևոր հարցը ճիշտ վերանորոգումն է, այսինքն՝ փոխել ուղղությունը՝ քանդումից դեպի վերանորոգում։ Իսկ դեռևս չքանդված  9 մույթերը, 8 աստիճաները պետք է մշակել ժամանակակից մեթոդաբանությամբ։

«Մարդիկ ուզում են նոր հուշարձան կառուցել, Հայաստանում լիքը բլուրներ կան, թող գնան, իրենց հուշարձաններն այնտեղ կառուցեն, բայց Եղեռնի հուշարձանը թողեք հանգիստ։ Դա մեր սրբությունն է։ Եղեռնի հուշարձանի նկատմամբ եղեռն է իրականացվում»,- ասաց նա։

Հարցին՝ ներկայիս նախագծով  շարունակելու դեպքում հուշարձանը նախանական տեքստից աղավաղված կլինի՞, Անահիտ Թարխանյանը պատասխանեց. «Այո»։ Բացի այդ, ըստ նրա, այն մեթոդաբանությամբ, որով այսօր ուզում են վերանորոգել հուշարձանը, առաջիկա տարիներին բերելու է ավելի լուրջ խնդիրների կապված հենց ջրերի թափանցման հետ։

Նա չբացառեց նաև, որ կարող են դիմել դատարան՝ պահանջելով շինարարության դադարեցում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ուզում են նոր հուշարձան կառուցել, թող գնան, այլ տեղում կառուցեն, բայց Եղեռնի հուշարձանը թողեք հանգիստ. Անահիտ Թարխանյան