Կառավարությունը երկարացրեց խաղող մթերողների աջակցման այն ծրագիրը, որը վերջին տարիներին երբեք չի գործարկվել
Տնտեսություն
12:36 09/10/2025
Հայաստան

Կառավարությունը երկարացրեց խաղող մթերողների աջակցման այն ծրագիրը, որը վերջին տարիներին երբեք չի գործարկվել

«Նախագիծը մշակվել է խաղողի մթերողների առաջարկությունների հիման վրա, քանի որ շրջանառու միջոցների անբավարարությամբ, վարկային ծանրաբեռնվածությամբ և ազատ գրավի սակավությամբ պայմանավորված՝ խնդիրներ են առաջացել վարկեր ներգրավելու և ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացն առանց խոչընդոտների կազմակերպելու հարցով»,-կառավարության նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ զեկուցելով խաղողի մթերմանն աջակցելու ծրագիրը։

  Նրա խոսքվ՝ նախագծով առաջարկվում է գյուղատնտեսական հումքի մթերումների գնումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում կատարել լրացումներ, ըստ որոնց՝ խաղողի մթերումների գնումների նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվում է մինչև 50 %-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2024 թվականին արտահանված արտադրանքի արժեքը:

Նախարարը նշեց, որ նախագծով առաջարկվում է «հաստատել ծրագրի շրջանակում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը, ըստ որի՝ բյուջետային երաշխիքները տրամադրվում են առանց ապահովման լրացուցիչ միջոցների՝ առավելագույնը մինչև 27 ամիս մարման ժամկետով և շահառուի կողմից իրականացված վարկի հիմնական գումարի մարումներն առաջնային կարգով ուղղվում են բյուջետային երաշխիքներով ապահովված պարտավորությունների մարմանը: 

 Նրա խոսքով՝ նախագծով սահմանված է նաև, որ խաղողի վարկեր ներգրավելու համար խաղողագործների հետ կնքվող պայմանագրերի՝ մինչև սեպտեմբերի 1-ը սահմանված ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 1-ը:

 Պապոյանը հայտարարեց, թե կտրամադրվեն բյուջետային երաշխիքներ և խաղող մթերողներինհնարավորություն կտրվի ներգրավելու լրացուցիչ վարկային միջոցներ ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացն առանց խոչընդոտների ապահովելու նպատակով, ինչպես նաև հնարավոր կլինի մթերումների ընթացքում կնքել պայմանագրեր այն խաղողագործների հետ, որոնք դեռ մթերման պայմանագրեր չունեն:

 Նա տեղեկացրեց, որ այս պահին խաղողի մթերումներ են իրականացվել շուրջ 50 մթերման կետերում և այսօրվա դրությամբ մթերվել է շուրջ 167 հազար տոննա և նախատեսվում է, որ այս տարի մինչև 200 հազար տոննա կմթերվի։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ նշեց, թե այդ ծարագիրը գործում է մի քանի տարի և դեռևս չի եղել դեպք, որ տնտեսվարողը դիմի պետական երաշխիքից օգտվելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կառավարությունը երկարացրեց խաղող մթերողների աջակցման այն ծրագիրը, որը վերջին տարիներին երբեք չի գործարկվել