Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նա գնաց, որ վերադառնա. Սեբաստիան Լեկոռնյուն կրկին Ֆրանսիայի վարչապետ է նշանակվել
Մի քանի օր առաջ Ֆրանսիայի վարչաետի պաշտոնից հրաժարական ներկայացրած Սեբաստիան Լեկոռնյուն կրկին Էմանուել Մակրոնի հրամանագրով վարչապետ է նշանակվել։ Ելիսեյան պալատի փոխանցմամբ, նրան հանձնարարվել է կառավարություն ձևավորել։
Սեբաստիան Լեկոռնյուն հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 6-ին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելուց ընդամենը երեք շաբաթ անց՝ դառնալով Ֆրանսիայի ամենակարճ պաշտոնավարած վարչապետը։ Նա հրաժարական էր տվել 2026 թվականի պետական բյուջեի շուրջ համաձայնության չգալու պատճառով։
Վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո քաղաքական գործիչը սոցիալական ցանցերում գրել է. «Պարտքի զգացումից ելնելով՝ ես ընդունում եմ Հանրապետության նախագահի կողմից ինձ վստահված առաքելությունը՝ անել ամեն ինչ, որպեսզի Ֆրանսիան տարեվերջին ստանա բյուջե և արձագանքի մեր հայրենակիցների առօրյա կյանքի խնդիրներին։
Մենք պետք է վերջ դնենք այս քաղաքական ճգնաժամին, որը նյարդայնացնում է ֆրանսիացիներին, և այս անկայունությանը, որը վնասում է Ֆրանսիայի հեղինակությանը և նրա շահերին»։
39-ամյա Սեբաստիան Լեկորնուն Ֆրանսիայի նախկին պաշտպանության նախարար է և Էմանուել Մակրոնի դաշնակիցը։ Նա առաջին անգամ վարչապետ է նշանակվել սեպտեմբերի 9-ին։ Լեկորնուն վերջին երկու տարիների ընթացքում Մակրոնի կողմից հաստատված կառավարության հինգերորդ ղեկավարն է։
Ֆրանսիայում քաղաքական անկայունության ֆոնին ամերիկյան Fitch վարկանիշային գործակալությունը սեպտեմբերի 12-ին Ֆրանսիայի վարկային վարկանիշը AA--ից իջեցրեց A+-ի։ Սա երկրի պատմության մեջ ամենավատ վարկանիշն է։ Ֆրանսիայի պետական պարտքը ներկայումս կազմում է ՀՆԱ-ի 115%-ը, որը Եվրամիությունում երրորդ ամենամեծն է՝ Հունաստանից և Իտալիայից հետո։