Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչ ստանձնել եմ Արցախի պետնախարարի պարտականությունը, ՀՀ իշխանության ներկայացուցիչները զանգերիս չեն պատասխանում.Նժդեհ Իսկանդարյան
«Բոլորս էլ գիտակցում ենք, որ օրվա իշխանությունների մեկ օր մնալը հավելյալ խնդիրներ են ստեղծելու մեզ բոլորիս համար։ Հասկանում են, որ արցախցիները մնալով Հայաստանում՝ վերադարձի հարցը լինելու է օրակարգում»,- ասուլիսում ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը՝ ահազանգելով, որ այսօր արցախիները կանգնած են լրջագույն մարտահրավերի առաջ։
Նա բարձրացրեց տարբեր խնդիրներ, նախ և առաջ բնակարանային խնդիրը, նշեց, որ կառավարության կողմից որևէ աջակցություն չկա զոհվածների ընտանիքներին. «Մի՞թե այդ մարդկանց այդպես են գնահատվում»։
Նժդեհ Իսկանդարյանը նշեց, որ այս ասուլիսը պետք է լինի ահազանգ շատերի համար. «Պետք է ոչ թե պառակտվել, այլ համախմբվել, անձնական խնդիրները մի կողմ դնել ու մեկ սեղանի շուրջ նստել՝ արցախցիների հարցը լուծելու համար»։
Արցախի պետնախարարը հայտարարեց, որ ուզում են կյանքի կոչել մի նախաձեռնություն, որը ծնվել է ոչ թե գաղափարից, այլ կարիքից։
««Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամ ենք ստեղծել, նպատակն է աջակցություն ցուցաբերել տեղահանված արցախցիներին, զոհվածների ընտանիքներին, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց, պայթյունի զոհ դարձած ընտանքներին ևս ներառելու ենք։
Ուզում եմ կոչ անել մեր հանրությանը, ում համար Արցախի հարցը փակված չէ, սատարել արցախցիներին:
Առաջին հերթին դիմում եմ արցախցի այն գործարարներին, ովքեր երկար տարիներ հաջողված բիզնես ծրագրեր են ունեցել Արցախում, իհարկե, որոշակի արտոնություններով, ժամանակն է, որ իրենք առաջինը գան և հայրենակիցների կողքին կանգնեն:
Կոչով և խնդրանքով դիմում եմ Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին. երկար տարիներ ղեկավարել են Հայաստանը, վստահ եմ՝ իրենք ունեն այն կապերը, ինչը կարող է նպաստել, որպեսզի արցախցիների խնդիրները թեթևացվեն։
Դիմում ենք նաև մեր հայ բարերարներին՝ Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանի ընտանիքին, շատ լավ գիտակցելով իրենց այսօրվա կացությունը, դիմում ենք սփյուռքում մեր հայրենակիցներին՝ սատար կանգնելու և միասին լուծելու առկա խնդիրները»:
Նա նշեց, որ օրվա իշխանությունների հետ իրեն հանդիպումներ չունեն. «Ինչ ստանձնել եմ պետնախարարի պարտականությունը, զանգերիս ևս չեն պատասխանում»։
Հարցին՝ արցախցի Լիանա Պետրոսյանն արցախցիների անունից հանդիպումներ, քննարկումներ է ունենում պաշտոնյաների հետ, արդյո՞ք նա լիազորված է արցախցիների անունից ներկայացնելու արցախցիների խնդիրները, Ն. Իսկանդարյանն ասաց. «Տվյալ կնոջ մասին մեկնաբանություններ չեմ տամ, բայց հարցեր են առաջացնում՝ ինչպես են այդ հանդիպումները տեղի ունենում ոչ միայն նախարարների հետ, նաև դեսպանատների ներկայացուցիչերի հետ։ Առաջիկայում հանդիպման առաջարկեմ կանեմ տվյալ տիկնոջը, որից հետո պարզ կլինի՝ ինչպես են կազմակերպվում այդ հանդիպումները։
Ունեմ կարծիք, բայց այսօր չեմ բարձրաձայնի։ Արցախցները շատ լավ հասկանում են, մեզ համար գոնե ակնհայտ է։
Հանդիպում չեմ ունեցել այդ տիկնոջ հետ։ Մարտի 29-ի հանրահավաքի ժամանակ խորհրդի կազմով հրավիրել ենք, չի համաձայնել մեզ հետ հանդիպել։ Պատճառների մասին պետք է իրեն հարցնել»։