Դաբաղի հետքերով. Ի վերջո Հայաստանում կա՞ն հիվանդության հաստատված դեպքեր, թե՞ ոչ
Տնտեսություն
17:03 13/10/2025
Հայաստան

Դաբաղի հետքերով. Ի վերջո Հայաստանում կա՞ն հիվանդության հաստատված դեպքեր, թե՞ ոչ

Ամռան վերջից Հայաստանում ֆերմերները, գյուղացիներն ահազանգում են, որ խոշոր եղջերավոր անասուների շրջանում դաբաղ հիվանդության դեպքեր են նկատել։ Չնայած մամուլում, սոցցանցերում շրջանառվող տեղեկություններին, որևէ պետական մարմին խնդրի վերաբերյալ  հայտարարությամբ, պարզաբանմամբ հանդես չի եկել։ Կովերի շրջանում դաբաղի շուրջ քննարկումներն ու խոսակցությունները երեկ կրկին թեժացան, քանի որ ֆերմերներից մեկն ահազանգել էր, որ սարում գտնվող իր կովերի շրջանում դաբաղի դեպքեր են գրանցվել, ինչի հետևանքով ինքը ֆինանսական մեծ կորուստներ է ունենում։

Ընդհանրապես, դաբաղը համարվում է տնտեսական հիվանդություն։ Եթե որևէ երկիր պաշտոնապես հաստատում է հիվանդության առկայության մասին, ապա մի շարք ապրանքների արտահանման վրա արգելք է դրվում։ Գուցե հենց դրանով է պայմանավորված  պետական, տեսչական մարմինների լռությունը։

Ի վերջո, Հայաստանում կա՞ն դաբաղի հաստատված դեպքեր։ Panorama.am-ի հետ զրույցում ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանն ասաց, Հայաստանում հիվանդության կասկածի օրվանից մինչ օրս կարանտինային խիստ միջոցառումներ են իրականացվում, իրենք աշխատում են ՍԱՏՄ-ի, ՏԻՄ-երի հետ։

«Ընդհանրապես, կապ չունի Հայաստանում առկա՞ են հիվանդության դեպքեր, թե՞ ոչ, երբ հարևան Թուրքիայում, Վրաստանում գրանցվել են հիվանդության դեպքեր, մեզ մոտ շատ խիստ կարանտինային վիճակ է մտցվել։ Հիվանդության դեպքերը հաստատվում են լաբորատոր փորձաքննության արդյունքում։ Իրականացվել է 3-4 լաբորատոր փորձաքննություն, ինչի արդյունքում դաբաղ հիվանդություն չի հաստատվել»,-մանրամասնեց Գ. Հովհաննիսյանը։

Ինչպե՞ս է ստացվել, որ հիվանդության վտանգի մասին ահազանգերը շատ են, իսկ փորձաքննությունները՝ քիչ։ Panorama.am-ի հարցին ի պատասխան, կենտրոնի տնօրենն ընդգծեց՝ շատ փորձաքննությունների կարիք չի եղել։ Անասնաբույժների միջոցով կենտրոնը հիվանդության կասկածի մասին ահազանգեր ստանում է հիմնականում Շիրակից, Լոռիից, Արմավիրից։ Այս պահին որևէ մարզում կարանտին հայտարարված չէ, քանի որ, ըստ Հովհաննիսյանի, դրա անհրաժեշտությունը չկա։ Կարանտինային ուժեղացված ախտահանիչ միջոցառումներ իրականացվում են միայն սահմանային վերահսկողության ժամանակ, ինչպես նաև սահմանամերձ արոտավայրերից կենդանիների տեղափոխման ժամանակ։

«Եթե անասնաբույժն ակնադիտական զննմամբ տեսնում է, որ տվյալ հիվանդությունը դաբաղ չէ, ապա նմուշառում չի իրականացվում։ Բայց եթե առկա նշանները կասկածի տեղիք են տալիս, այդ դեպքում կատարվում է նմուշառում, ուղարկվում է լաբորատոր փորձաքննության։ Դաբաղը շատ նման է ստոմատիտ հիվանդությանը, որի ընթացքում անասունների բերանում բշտիկներ են առաջանում։ Մեր ֆերմերները հենց տեսնում են դա, ասում են՝ դաբաղ է։ Բայց կրկնում եմ, իրականացրած փորձաքննության արդյունքներով չկա հաստատված դեպք։ Տեսեք, ֆերմերն ահազանգում էր կաթնատվության անկման մասին, բայց կաթնատվության վրա կարող են ազդել նաև այլ գործոններ»,-ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ կապ են հաստատել հիվանդության մասին ահազանգած ֆերմերի հետ։

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքով, տվյալ ֆերմերի  կենդանիները պատվաստվել են։ Մասնագետը հիշեցրեց, որ հիվանդ կենդանիներին պատվաստում չի իրականացվում։ Էկոնոմիկայի նախարարությունը, Գ. Հովհաննիսյանի, ձեռք է բերել հիվանդության դեմ պատվաստանյութ, այսօր արդեն ողջ խմբաքանակը պատվաստված է։

«Քանի որ նոր պատվաստանյութ է, պետք է կրկնակի պատվաստում իրականացվի, որպեսզի իմունիտետ ձևավորվի։ Տեղեր կան, որ կենդանիներն արդեն երկրորդ անգամ են պատվաստվել, տեղեր կան՝ դեռ չեն պատվաստվել։  4-5 օրվա ընթացքում հանրապետությունը, կարելի է ասել, վտանգի դաշտից դուրս կգա»,-ասաց կենտրոնի տնօրենը՝ հիշեցնելով, որ ոչ մի պատվաստանյութ 100 տոկոսով չի երաշխավորում հիվանդության կանխարգելումը։ Եթե կենդանին ունի այլ հիվանդություններ, հյուծված է, ապա նրա մոտ հիվանդության նկատմամբ դիմադրողականություն չի ձևավորվի։

«Մենք տիրապետում եննք իրավիճակին, բոլոր համայնքներում ունենք անասնաբույժներ, ցանկացած օր ցանկացած պահի արձագանքում ենք ահազանգերին»,-ասաց կենտրոնի տնօրեն։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը սպառողներին հանգստացնում է՝ դաբաղը կենդանուց մարդուն անցնում է, սակայն առողջության համար լուրջ խնդիրներ չի առաջացնում։

«Անկախ այն բանից, կենդանիների շրջանում կա՞ն հիվանդության հաստատված դեպքեր, թե՞ ոչ, աշխատանքները պետք է կազմակերպվեն ճիշտ։ Եթե պետական կառույցն ասում է, չունենք հիվանդության դեպքեր, հուսանք, որ այդպես է, եթե չեն ասում, ավելի վատ։ Եթե հիվանդության մասին չի խոսվում, դա չի նշանակում, որ աշխատանքները պետք է իրականացվեն թերի։ Մասնավորապես, եթե անասնաբույժը մտել է կասկածելի տնտեսություն, դրանից հետո գոնե կողքի տնտեսությունները չպետք է մտնի, որպեսզի հենց ինքը չհանդիսանա հիվանդություն տարածող»,-ասաց Պիպոյանը։

ՀԿ նախագահն ընդգծեց, եթե նույնիսկ կան հիվանդության հաստատված դեպքեր ու դրա մասին հանրային իրազեկում չի արվում, շատ կարևոր է հասկանալ դրա իրական ծավալները, որպեսզի կարողանան ճիշտ ու ամբողջ ծավալով իրականացնել աշխատանքները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դաբաղի հետքերով. Ի վերջո Հայաստանում կա՞ն հիվանդության հաստատված դեպքեր, թե՞ ոչ