Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». «Մաhվան նախարարը» համակարգային կոռուպցիայի մեջ է թաթախված
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որին լայն շրջանակներ բնորոշում են որպես «մահվան նախարար», համակարգային կոռուպցիայի մեջ է թաթախված, որը բացահայտել է ՀՀ ֆինանսների նախարարությունը իր` 2021թվականի դեկտեմբերի 9-ին կազմած ակտով:
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել այդ վերահսկողության ակտը, որտեղ պարզ գրված է, թե տարբեր դրվագներով ինչպես է ՀՀ առողջապահության նախարարությունը հավելագրումներ արել, պետբյուջեից սահմանվածից շատ գումարներ ծախսել ՔՈՎԻԴ-19-ի բուժման անվան տակ, որոնց մի մասը նախարարությունը պահանջում է վերադարձնել պետբյուջե:
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության կողմից իրականացված չարտերային չվերթների դիմաց վճարված գումարների վերաբերյալ ուսումնասիրության հանրայնացումը, ըստ որի` Չինաստանից Հայաստան են բերվել ավելի մեծ թվով ապրանքներ, քան Հայաստանում մաքսազերծվել և բաշխվել են: Դատելով ֆիննախարարության փաստաթղթից` ճանապարհին ապրանքներ են կորել, և առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ղեկավարած գերատեսչությունը հրաժարվել է վերահսկողներին փաստաթղթեր տրամադրելուց։
Ըստ «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության հետ 21.12.2020թ. կնքված չարտերի մասին համաձայնագրի` 23.12.2020թ. ՀՀ առողջապահության նախարարության կողմից ավիաընկերությանն է փոխանցվել 144 մլն 120 հազար ՀՀ դրամին համարժեք մոտ 273 հազար ԱՄՆ դոլար: 3 օր անց ավիաընկերության կողմից իրականացվել է չարտերային թռիչք Պեկին-Երևան ուղերթով, որով, փաստացի, տեղափոխվել են 29,903 կգ բժշկական սարքավորումներ: Ըստ ստուգմանը ներկայացված մաքսային հայտարարագրերի` մաքսազերծվել են 3,906 կգ ընդհանուր քաշով բժշկական պարագաներ (96 թթվածնային կոնցենտրատոր՝ 2,120 կգ, 100,000 COVID-19 ախտորոշման ՊՇՌ թեստ՝ 568 կգ, բժշկական դիմակներ և արտահագուստ՝ 578 կգ, 200,000 բամբակյա ծայակալով ձողիկներ՝ 398 կգ, թթվածնի հոսքաչափ ֆլոուամետրով մեխանիկական՝ 242 կգ):
2020թ. դեկտեմբերի 26-ի` «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության չարտերային չվերթներով թիվ 412-01516421 ավիաբեռնագրերով ՀՀ տարածք են ներմուծվել նաև 538 կգ բրուտտո քաշով սեղմիչի կափարիչ, պուլսօքսիմետր, ID ձեռնաշղթա, մեկ այլ ավիաբեռնագրերով՝ 24,888 կգ բրուտտո քաշով թթվածնային կոնցենտրատորի բաք, սեղմված օդի չորանոց և այլ ավիաբեռնագրերով՝ 571 կգ բրուտտո քաշով լազերային խողովակ, 3D տպիչ, նրբատախտակի լազերային կտրիչ: «Նշված բեռների մաքսազերծման, հայտարարագրման, ՀՀ առողջապահության նախարարությանը հանձնման-ընդունման, վերջիններիս բաշխման վերաբերյալ փաստաթղթերը ստուգմանը չեն ներկայացվել», – գրել է ֆինանսների նախարարության վերստուգողը:
Այսպիսով` ֆինանսների նախարարության վերասհկողները արձանագրել են, որ 14.12.2020թ. և 26.12.2020թ. իրականացված երկու չարտերային չվերթների համար «Վոլգա-Դնեպր» ավիաընկերությանը վճարվել է 548, 370 ԱՄՆ դոլարին համարժեք 287 մլն 285 հազար ՀՀ դրամ: Ըստ մաքսային հայտարարագրերի` նշված երկու չարտերային չվերթներով տեղափոխվել է «ՀՀ-ում Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների» իրականացման համար անհրաժեշտ ընդամենը 10,513 կգ (6607+3906) բեռ, այն դեպքում, երբ ըստ թիվ 412-01516421, 412-01516432, 412-01516443 և 412-01516373 ավիաբեռնագրերի՝ փաստացի տեղափոխվել են 62,564 կգ (29903+32661) բեռներ, որի արդյունքում «կորոնավիրուսային վարակի կանխարգելման, բուժման և այլ համալիր միջոցառումների» իրականացման նպատակով ստացված փողերի հաշվին 239 մլն դրամ ավելի է վճարվել, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:
Այսինքն՝ իրականացրած ավիաչվերթների համար Արսեն Թորոսյանի ղեկավարած նախարարությունը հավելագրում է արել պետբյուջեից մոտ 623 հազար դոլար գումար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։