Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Գրեթե քաղաքական կարիերա չունեցող Դավիթ Առուշանյանը հեղափոխությունից հետո, բախտի բերմամբ, թե պատահմամբ, ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ (2021թ.): Հենց այս նույն սկզբունքով Առուշանյանը նախորդ տարի՝ 2024 թվականի դեկտեմբերին, պատգամավորական մանդատը վայր դրեց և դարձավ Շիրակի մարզպետ։ Դավիթ Առուշանյանը փոխարինեց Մուշեղ Մուրադյանին, ով նույնիսկ չգիտեր, որ պաշտոնանկ է արվել։ Առուշանյանը 2004-2006 թվականներին եղել է «Անի տուր» տուրիստական գործակալության փոխտնօրեն, 2006-2021 թվականներին՝ տնօրեն: 2021-2022 թվականներին Առուշանյանը դարձավ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ:
Նա 2018 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, իսկ 2022 թվականի հոկտեմբերի 26-ին ԱԺ պատգամավոր ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Այսպիսով. ի՞նչ ունեցված ունի Շիրակի մարզպետը. Դավիթ Առուշանյանի՝ 2024 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն՝ նա ունի 3 անշարժ գույք. 2 բնակարան, որոնք ձեռք է բերել 2014 թվականին Երևանում, և ավտոկայանատեղի, որն Առուշանյանը գնել է Կենտրոն վարչական շրջանում։
Բայցի այս գույքերից, Շիրակի մարզպետը Գյումրիում ունի հիփոթեքով գնած բնակարան, որի հիփոթեքի մայր գումարի մնացորդը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել էր 52 հազար 400 դոլար։
Առուշանյանը 2024 թվականի տարեսկզբին ունեցել է 2 մեքենա՝ NISSAN և RANGE ROVER մակնիշների։ Տարվա ընթացքում NISSAN մակնիշի մեքենան մարզպետը վաճառել է 3 մլն դրամով։
Նրա բանկային հաշիվների մնացորդները 2023 թվականի համեմատ փոփոխության չեն ենթարկվել և տարեվերջին հազմել են 1,5 մլն դրամ և 500 հազար դրամ։
Կանխիկ դրամական միջոցները կազմել են 25 հազար դոլար, 18 հազար եվրո, իսկ դրամային փոխարժեքով կանխիկ միջոցները նվազել են 2 մլն դրամով՝ 12 մլն դրամից դառնալով 10 մլն դրամ։
Մարզպետի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 10 մլն 532 հազար դրամ, որից 10 մլն 300 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Ազգային ժողովից, իսկ 232 հազար դրամը ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմից։
Առուշանյանի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 20 մլն 378 հազար դրամ։
Վարկերի մարմանը Դավիթ Առուշանյանն ուղղել է 13 հազար դոլար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։