«Ժողովուրդ». Ինչ ունեցվածքով հեռացավ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը, ում մինչ օրս չեն փոխարինել
Օրվա մամուլ
08:31 15/10/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածքով հեռացավ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը, ում մինչ օրս չեն փոխարինել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Արմավիրի մարզպետարանի երկարամյա աշխատակիցը, ով հասել էր փոխմարզպետի պաշտոնի, գրչի մեկ հպումով ազատվել է պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրամանով։ Խաչատուր Մկրտչյանը գրեթե 30 տարի համայնքապետարանում տարբեր պաշտոններ զբաղեցնելուն զուգահեռ համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող ՀՈԱԿ-ներում տեղավորել է կնոջը՝ Լուսածին Ալեքսանյանին և համատեղ բնակվող Անահիտ Մկրտչյանին։ Համաձայն 2024 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ Մկրտչյանի կինը «Արմավիրի համայնքապետարանի գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրենն է, համատեղ բնակվող Անահիտ Մկրտչյանը «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 10 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում որպես հոգեբան է աշխատում, իսկ որդին՝ Հովհաննես Մկրտչյանը, ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ է։

Խաչատուր Մկրտչյանը 1996 թվականից Արմավիրի համայնքապետարանում աշխատանքի է տեղավորվել որպես ՀՀ Արմավիրի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի առաջատար, այնուհետև գլխավոր մասնագետ։ Դրանից հետո` 2000 թվականից, եղել է նաև Արմավիրի մարզպետարանում որպես Քաղաքաշինության վարչության պետ. նրա հաջորդ պաշտոնը կրկին մարզպետի տեղակալի պաշտոնն է եղել, ապա աշխատել է որպես խորհրդական և կրկին մարզպետի տեղակալ։ Փոխմարզպետը հայտարարագրել է 3 անշարժ գույք՝ 1 բնակարան բազմաբնակարան շենքում Արմավիրի մարզի Արմավիր համայնքում, և 2 հողամաս Շենավան համայնքում։ Բնակարանը Մկրտչյանը 2021 թվականին նվիրատվություն է ստացել։

Տվյալ տարվա ընթացքում նախկին փոխմարզպետը գնել է 2018 թվականի արտադրության, JEEP մակնիշի տրանսպորտի միջոց, որն արժեցել է 4 մլն դրամ։

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 275 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 3 մլն դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 10 մլն 234 հազար դրամ, որից 9 մլն 158 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Արմավիրի մարզի մարզպետի աշխատակազմից, 775 հազար 310 դրամը կենսաթոշակ է, իսկ 300 հազար 786 դրամն կրկին աշխատանքի վարձատրություն է Արմավիրի համայնքապետարանից։

Մկրտչյանը պաշտոնանկ է արվել այս տարվա հունվարի 7-ին՝ կրկին վարչապետի հրամանով. նրա պաշտոնը մինչ այս պահը թափուր է: Երկարամյա աշխատակցին փոխարինող չեն գտնում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածքով հեռացավ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը, ում մինչ օրս չեն փոխարինել