Բայց ո՞նց ասեի, որ էրիկը չկար... բոլորի Էրիկները հերթով գնում էին իմ ձեռքերում. Բժշկուհի Լուսինեի տեսած uարuափը՝ 44-օրյայում
Հասարակություն
17:15 17/10/2025
Հայաստան

Բայց ո՞նց ասեի, որ էրիկը չկար... բոլորի Էրիկները հերթով գնում էին իմ ձեռքերում. Բժշկուհի Լուսինեի տեսած uարuափը՝ 44-օրյայում

2020 թվականի հոկտեմբերի 18-ին Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղի 630 բնակիչներ լքեցին իրենց տները։ Լքեցին հույսով, որ մի օր վերադառնալու են, սակայն 2023 թվականի սեպտեմբերից հետո այդ հույսը...

Իշխանաձորից վերջինը դուրս է եկել բժշկուհի Լուսինե Սարգսյանը։ 44-օրյա պատերազմի օրերին նրան շտապօգնության մեքենայի ղեկին նստած կարող էին տեսնել ամենաթեժ կետերում՝ փրկելու մարդկային կյանքեր։

 «Սկորու շոֆեր» Լուսինեն, չնայած ռմբակոծություններին, անօդաչուների հարվածերին, վտանգելով իր կյանքը՝ հայտնվում էր այնտեղ, որտեղ իր օգնության կարիքն ունին, վիրավորներին հասցնում էր զինվորական հոսպիտալ, գնում Գորիս՝ այրան պլազմա, դեղորայք, ուտելիք Իշխանաձոր բերելու։ Եվ այդպես պատերազմի սկզբից մինչև հոկտեմբերի 17 լույս 18-ը։

Լուսինե Սարգսյանը եղել է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի  Կովսականի տեղամասային հիվանդանոցի տնօրենը։ Իշխանաձորի բուժամբուլատորիան այդ հիվանդանոցի վերահսկողությամբ է գործել։

Լուսինեն ծնունդով Հայաստանից է՝ Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղից։ 2000 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել էր Արցախի Քաշաթաղի շրջան՝ Իշխանաձոր գյուղ ու դարձել բոլորի բժիշկ Լուսինեն՝ ընդունելով ծնունդ, բուժելով ատամ, ցուցաբերելով առաջին բուժօգնություն... 

Panorama.am-ի հետ զրույցում բժշկուհի Լուսինեն ասում է՝ Արցախը մայրական սիրով է սիրում. «Իմ սերը, իմ պաշտամունքը Արցախի նկատմամբ անկրկնելի է։

Հողը իսկական հայկական հող է։ Երբ ապրում ես այդ հողի վրա, ակամայից դառնում ես հայրենասեր։ 2000 թվականին երբ իմ ոտքերը դրել եմ Արցախի հողի վրա, այդ հողից սնունվել ու կերակրվել եմ որպես հայրենասեր, հայ մարդ, հայ կին։

Ես այնտեղ ինձ զգում էի մարդ, լուսավորվում էր իմ օրը, կյանքը։ Երանի այդ փառահեղ օրը գա մի օր, բայց ոչ այրմամբ։ Չեմ ուզում արյուն»։

Հարցազրույցի ողջ ընթացքում 44-օրյա պատերազմի սարսափի միջով անցած բժշկուհի Լուսինեն փորձում էր զսպել արցունքները։ Սակայն պահեր էին լինում, երբ անհնար էր ու արցունքները խեղդում էին կոկորդը։ 

«44-օրյա պատերազմի օրերին ես դարձել էի անվախ, խիզախ... Ոչ թե չէի գիտակցում, թե ինչ կարող է ինձ հետ պատահել, այլ մտածում էի, որ եթե զինվորին փրկելու մի փոքրիկ նշույլ կա, ինչպես չանեմ։ Վիրավորվելու, զոհվելու, պայթելու վախ չունի, միակ վախս էր՝ թուրքը ինձ չկպնի, չպղծի։ 

Մի օր շտապօգնության մեքենայով մեկնել էի Գորիս, պետք է արյան պլազմա բերեի։ Ծանր վիրահատություններ էին ընթանում մեր  բուժամբուլատորիայում։  Ճանապարհը սկսվեց ռմբակոծվել։ Փորձեցի շրջանցել ու հասնել Իշխանաձոր։  Ամուսինս զինվորական էր, երկար ժամանակ չէր զանգել։ Զանգեց ու հարցրեց՝ որտե՞ղ եմ, ասաց, որ չխաբեմ։ Ասացի՝ գնում եմ դեպի Իշխանաձոր։ Ասաց՝ խնդրում եմ, եթե ինձ հարգում ես, մի աղջիկ ունենք, Գրետան, որբ չթողնես, հետ գնա։ Ատեցի ամուսնուս այդ պահին, բղավում էի՝ Հով, ինչպես կարող ես ինձ նման բան ասել, չէ՞ որ Գրետան ապահով ձեռքերում է, իսկ այս երեխաներն իմ կարիքն ունեն։ 

Չարաբաստիկ օրեր... Հավատացեք, անհնար է հաղթահարել այն ամենը, ինչ մենք տեսանք։

Եռաբլուրում բոլորի դեմքերը հատ առ հատ հիշում եմ, դեպքերը հիշում եմ»։ 

Բժշկուհի Լուսինեն իր արածը քիչ է համարում. «Այն, որ արկերի պայթյունի տակ վարել եմ մեքենան՝ հասնելու վիրավոր զինվորին օգնության, քիչ եմ արել։ Ի՞նչ եմ արել, կյանք չեմ տվել, ընդամենը կարողացել եմ հասնել անզոր երիտասարդին ու կյանք փրկել կամ չփրկել։ 

Մեր մանկապարտեզի տնօրենի մինուճար տղան՝ Էրիկը, զոհվել էր ընկերոջը դիակը թշնամու մոտ չթողնելու պատճառով։

Ինձ ասացին, որ ծնողներին տեղեկացնեմ։ Բայց ինչպե՞ս։ Հայրը զանգեց, գոռում էր՝ Լուսինե, ասա, ուր է Էրիկս։ Ասացի՝ տեղյակ չեմ։ Պետք է հզորություն, ուժ, որ հորը, մորն ասես՝ որդիդ չկա։  Մինչև օրս խուսափում եմ նրանց հետ խոսել։  Բայց ո՞նց ասեի, որ էրիկը չկար։  Ու բոլորի Էրիկները հերթով գնում էին իմ ձեռքի տակով։ Փորձում էի տաք մարմինները, շնչառությունը զգալ, բբերն էին նայում, թափահարում էի՝ այ բալա, շնչի, ցավդ տանեմ։ Մտածում էի՝ կկարողանամ ուժ տալ, շունչ տալ, բայց ցավոք...»։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բայց ո՞նց ասեի, որ էրիկը չկար... բոլորի Էրիկները հերթով գնում էին իմ ձեռքերում. Բժշկուհի Լուսինեի տեսած uարuափը՝ 44-օրյայում